Մատչելիության հղումներ

«Ազովստալում» երկու ամիս շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են


«Ազովստալից» Զապորոժիե տարհանվող քաղաքացիներ, 2-ը մայիսի, 2022թ,
«Ազովստալից» Զապորոժիե տարհանվող քաղաքացիներ, 2-ը մայիսի, 2022թ,

Ուկրաինայի ծովափնյա Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում երկու ամիս շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են ավերակների վերածված քաղաքից։ Նրանք նախօրեին ժամանել են Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե:

Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը մեկնարկել էր ապրիլի վերջին՝ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից համակարգված հնգօրյա տարհանման ծրագրի շրջանակներում։ Մարիուպոլից Զապորոժիե ճանապարհը 230 կմ է։ Նախքան պատերազմը մի քաղաքից մյուսը կարելի էր հասնել ընդամենը երեք ժամում, մինչդեռ Ազովստալից տարհանված քաղաքացիների ճամփորդությունը տևել է երեք օր։

Տարհանվածները «Ազովստալ» պողպատի գործարանի տարածքում անցկացրած ամիսներին ամբողջովին կտրված են եղել արտաքին աշխարհից, ոչ մի լուր ու պատկերացնում չեն ունեցել, թե ինչ է կատարվում իրենց քաղաքում: Խաղաղ բնակիչները, տարբեր լրատվամիջոցներին, այդ թվում՝ Aljazeera-ին տված հարցազրույցում, պատմել են՝ ինչպես են ռուս զինվորականները նրանց վերաբերվել՝ լուսանկարել են, մատնահետք վերցրել, ստուգել են հեռախոսներն ու փաստաթղթերը և տեղեկացրել, որ Մարիուպոլ ետդարձի ճանապարհ այլևս չունեն։

Խորհրդային ժամանակաշրջանի ուրվականը՝ Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանը, ուկրաինացիների դիմադրության վերջին միջնաբերդն է մի քաղաքում, որը գրեթե ամբողջովին վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։ Դեպի Ուկրաինայի արևելք զորքերի առաջխաղացումն ապահովելու և ռազմական գործողությունների տեսանկյունից՝ Մարիուպոլը առանցքային նշանակություն ունի ռուսների համար։

Մարիուպոլում շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակչությունը վերջին ամիսներին սննդի, ջրի և էլեկտրաէներգիայի քիչ հասանելիություն ունի, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը քաղաքը ավերակների են վերածել։

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի փոխանցմամբ՝ «Ազովստալում» վերջին տվյալներով ավելի քան 200 խաղաղ բնակիչ է գտնվում շրջափակման մեջ, իսկ Մարիուպոլում՝ գտնվող խաղաղ բնակիչների թիվը հասնում է մոտ 100 հազարի։

ՄԱԿ-ը ծրագրում էր «Ազովստալից» ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ տարհանել, սակայն Ռուսաստանը խախտել է զինադադարն ու վերսկսել հարձակումները պողպատի գործարանի վրա՝ հայտարարելով, որ ուկրաինական զինյալները օգտագործել են խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով հայտարարված հրադադարը և նոր դիրքեր գրավելու գործարանի տարածքում։

XS
SM
MD
LG