«Ակօս»-ի հայերեն բաժնի խմբագիրը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Ազատությունը» հայ-թուրքական հարաբերությունների մասին զրուցել է «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Հայաստանում Շատերն ասում են՝ ինչպե՞ս է հնարավոր, որ երկու տարի առաջ թուրքական «Բայրաքթար»-ներով հայ զինվորների են սպանում, այսօր ցանկանում են բարեկամանալ, Չավուշօղլուն ասում է՝ Արարատ Միրզոյանի ընկերն է և այլն:

Բագրատ Էստուկյան. - Շատ կարելի բան է, պետությունների հարաբերությունը այդպես կլինեն, մի կողմից, այո, այդպիսի անցյալ ունես, բայց ուզում ես այդ անցյալից շուտ դուրս գալ և հակառակ ընթացք ապահովել, որովհետև ժողովուրդների համար այդ երկրորդն է պիտանի, ժողովուրդները չեն կարող միշտ իրար հակադրված ապրել: Ընդհակառակը բնականոնացնելու գործընթացներ մշակելը պետք է կառավարությունների գործը լինի: Ես այդ խնդիրը հակասական չեմ համարում, մանավանդ, որ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ «մեր բոլոր դիրքորոշումները, մեր բռնած դիրքերը, մշակած քաղաքականությունը Արցախի ազատագրման համար էր, ավելի ճիշտ Արցախի շրջակայքի այդ ռայոնների ազատագրման համար էր, և մենք քանի որ այդ նպատակին հասանք, ուրեմն հիմա թշնամությունը շարունակելու կարիք չունենք»:

Սա իր մեջ տրամաբանություն անշուշտ ունի: Այո, «Բայրաքթար»-ները երկու տարի առաջ ուրիշ գործի ծառայեցին և այսօր կարող են այդ գործից հետ քաշվել ու ուրիշ նյութերի վրա շփումներ ընթանալ, բայց ես տեսնում եմ, որ սահմանում եղածը այդ չէր, եթե եղածը այդ լիներ, Թուրքիան իր միակողմանի որոշումները իսկույն պետք է չեղյալ համարեր, իսկույն պետք է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը իրար հետ հանդիպեին, ճշտեին իրար դեսպանները, դեսպանատները հաստատեին, շրջափակումը վերանար, ինչպես, որ Հայաստանը վերացրեց: Հայաստանն էլ իր կամքով միակողմանի որոշումով թուրքական ապրանքի ներմուծումն արգելեց և ապա վերացավ այդ արգելքը: Նույնը Թուրքիան կարող է անել, բայց մինչև այժմ չի անում, ուրեմն ի՞նչ հույսեր ակնկալել, ես շատ հույսեր չունեմ:

«Ազատություն». - Թուրքիայի հայ համայնքն ի՞նչ է մտածում այս բանակցությունների մասին, որովհետև ամեն դեպքում եթե ինչ-որ հաջողություն լինի, առաջինն ըստ էության Թուրքիայի հայ համայնքը կզգա իր վար: Ի՞նչ են ակնկալում:

Էստուկյան. - Բնականաբար, Թուրքիայի հայ համայնքը.... Հայաստանի հետ նախևառաջ սահմանակից երկիր լինելու դիրք ունի, դա ինքնին նշանակություն ունեցող երևույթ է, և Հայաստանի հետ հարաբերությունները ուրիշների համար ավելի քիչ էական են, քան մեզ համար:

Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը հանդիպումը ևս կայացել է Վիեննայում՝ մայիսի 3-ին։