Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցների ֆոնին Բրյուսելը հայտարարում է, թե շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնմամբ։ Բաքվում Եվրամիության դեսպանն է այս մասին խոսել՝ մասնավորապես ընդգծելով «Հարավային գազային միջանցքի» կարևորությունը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ի պատասխան` Վլադիմիր Պուտինը շաբաթներ առաջ հայտարարել է, թե այսուհետ «ոչ-բարեկամական երկրները» ռուսական գազի համար պետք է վճարեն ռուբլով։ Անցած ամիս «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստան և Բուլղարիա՝ սպառնալով չվերսկսել առաքումները, քանի դեռ վճարումները չեն կատարվել ռուսական արժույթով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան և ԲուլղարիաՎարշավան, որն իր բնական գազի մոտ 45 տոկոսը ներկրում է Ռուսաստանից, հայտարարել է, թե կարող է դիմակայել «փակ ռուսական ծորակի» պայմաններում, մինչդեռ Սոֆիան, որն իր գազի մոտ 73 տոկոսն է ներկրում Ռուսաստանից, մտավախություն է հայտնել , որ կարող է լրջագույն խնդիրների բախվել։
ֆրանսիական Le Monde-ի հետ զրույցում Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հույս է հայտնել գազի պակասորդը լրացնել ադրբեջանական կապույտ վառելիքով։
Բաքուն պաշտոնապես չի մեկնաբանել Պետկովի հայտարարությունը։ Ներկայում Ադրբեջանը Բուլղարիա է մատակարարում տարեկան մինչև 300 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը չնչին ծավալ է համարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը դեպի ԵվրոպաՄինչ այդ, շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանը փորձում է դառնալ Եվրոպա գազ արտահանող առաջատար երկիր։ 2020 թվականի վերջին Անդրադրիատիկ գազատարի շահագործումն այդ առումով դարձավ բեկումնային․ ադրբեջանական գազն այժմ Հունաստանի տարածքով, Ալբանիայով և Ադրիատիկ ծովով հասնում է Իտալիա:
TAP-ը 3,5 հազար կիլոմետր երկարությամբ «Հարավային գազային միջանցքի» վերջին հատվածն է, որը տեղափոխում է Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի «Շահ Դենիզ II» հսկայական հանքավայրի գազը:
«Ծավալները բավարար չեն»
«Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեև ադրբեջանական գազը կարող է օգնել ԵՄ երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:
«TAP խողովակաշարը, որն ադրբեջանական գազը տեղափոխում է Եվրոպա, ինչպես նաև Եվրամիության մյուս ջանքերը՝ նվազեցնելու ռուսական գազի ներկրումից կախվածությունը, միշտ ուղղված են եղել դիվերսիֆիկացմանը, այլ ոչ թե ռուսական մատակարարումներից ամբողջությամբ հրաժարվելուն կամ դրան փոխարինելուն», - բացատրում է Ալիսա դե Կարբոնելը՝ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրենը:
«Գաղափարն այն է, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրները, նույնիսկ՝ փոքրածավալ, երաշխավորում են, որ «Գազպրոմ»-ը չունենա և չօգտագործի իր մենաշնորհի կարգավիճակը որևէ շուկայում», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է դե Կարբոնելը։
Ադրբեջանից ավելի մեծ ծավալով գազ ստանալու համար Բուլղարիայի հույսը Հունաստան-Բուլղարիա գազային միջկապակցման խողովակաշարի կառուցումն է, որը պետք է կապի հունական և բուլղարական գազատարների ցանցերը: Տարեվերջին նախատեսված խողովակի շահագործման դեպքում Ադրբեջանն առաջին անգամ կսկսի տարեկան 1 միլիարդ խմ գազ հասցնել Բուլղարիա: Ծրագիրը, որը գնահատվում է մոտ 240 միլիոն եվրո, ֆինանսավորվում է մասնակից երկրների և ԵՄ-ի կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը բանակցություններ է սկսում Բաքվի հետ գազի մատակարարումների ավելացման շուրջ․ FTԴեռևս մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Բրյուսելն ու Բաքուն արդեն քննարկում էին դեպի Եվրամիություն ադրբեջանական գազի մատակարարումներն ընդլայնելու հարցը:
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալը հասնի 10 միլիարդ խորանարդ մետրի», - փետրվարի 4-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած բանակցություններից հետո հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը՝ շեշտելով, որ դա կարևոր է «էներգետիկ շուկայում դեֆիցիտի և գների աճի ֆոնին»։
Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը մարտին հայտարարել էր, որ Ադրբեջանն ունի 2,6 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշար, ինչը, ըստ նրա, «բավական է իր հարևանների և եվրոպական երկրների համար»:
«Հարավային գազային միջանցքի» նախագծի ընդլայնումն անպայման կմեկնարկի, և այս ուղղությամբ մենք երկխոսություն ենք սկսել եվրոպական, Արևմտյան Բալկանյան երկրների հետ», - հավելել է Շահբազովը։
Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 2,6 մլրդ խմ գազ, ակնկալելով, որ 2022 թվականին այդ ծավալները կավելացնի 30 տոկոսով։ Մասնագետների համար, սակայն, հստակ չէ, թե ինչպես է Ադրբեջանը հասնելու արտահանման ծավալների ավելացման։
«Վերջին տարիներին Ադրբեջանում արդյունահանումը նվազում է, և ժամանակ է պահանջվում իրավիճակը փոխելու համար, այդ պատճառով, երբ TAP-ը հայտարարում է, որ կարող են մի քանի տարուց կրկնապատկել հզորությունը տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, հստակ չէ, թե ինչ գազով է լցնելու այսպես կոչված «Հարավային գազային միջանցքը», - նշում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ալիսա դե Կարբոնելը։