Իշխող խմբակցության ներսում չգիտեն, թե Ղարաբաղյան հարցի մասին ինչ գաղտնիք էր ուզում բացահայտել վարչապետը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ինչը, սակայն, այդպես էլ չարեց:
«Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը դա պատեհ պահին կանի. «Վարչապետն ինքը պատեհ պահին կասի իր ասելիքը»:
Բացահայտումն ընդդիմությա՞ն, թե՞ հանրության համար էր, ինչո՞ւ էր վարչապետը լռում: Այս հարցին իշխանականները չանդրադարձան, միայն կրկնեցին Փաշինյանի այն հիմնավորումը, թե խոստացված բացահայտումը չարվեց, քանի որ դա պետք է արվի ընդդիմության աչքերի մեջ նայելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է իր հրաժարականի պահանջին«Իսկ ինչում էր կայանում վարչապետի ասելիքը և որն էր բովանդակությունը, վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի, ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն այդ ճշմարտության հետ», - հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:
Երեկ հարցուպատասխանի ժամանակ, երբ զուգահեռ բողոքի ցույցեր էին ընթանում, խորհրդարանում լրացուցիչ անվտանգային միջոցառումներ էին ձեռք առնվել՝ լուսաձայնային նռնակներ, դիպուկահարներ, կենդանի պատ կազմած մեծաքանակ ոստիկաններ: Ինչի՞ց է վախենում վարչապետը, հետաքրքրվեին լրագրողները իշխանական պատգամավորներից:
«Լավ են անում` պաշտպանում են, ու բոլոր հրոսակախմբերն ու խուլիգանախմբերը պիտի իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը պաշտպանված է, Հայաստանի Հանրապետության հակաժողովրդավարական ուժերը ու նրանց փոքրիկ բանդիտական խուլիգանախմբերը ոչ մի պարագայում չեն կարող զավթել իշխանություն», - ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք որևէ շենք չենք գրավելու, շենքերում այլևս իշխանություն չկա». ընդդիմությունը շարունակում է ցույցերը«Դուք երևի մոռացել եք մահափորձը Ազգային ժողովի նախագահի վրա, երևի մոռացել եք նույն խուլիգանները, որ փողոցում ման էին գալիս իշխանության ներկայացուցիչներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար, որպեսզի փրկվեն ու փրկեն իրենց թալանածը, որպեսզի չբացահայտվի, թե ինչեր են արել պատերազմի ընթացքում ու դրանից առաջ, որպեսզի չբացահայտվեն այն մարդիկ, ովքեր սպաներին կանչում էին, որպեսզի գային ու տանկերն ուղղեին Երևանի վրա: Այդ ամեն ինչի ակտիվ մասնակիցները և ըստ էության նաև կազմակերպիչները դեռևս, ցավոք սրտի, կան և որոշակի ակտիվություն են ցուցաբերում», - նշեց Հովհաննիսյանը:
Այսօր ընդդիմադիրների բողոքի ցույցերին անդրադարձել են նաև կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցների ժամանակ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահ է, որ ընդդիմությունը որևէ նոր ասելիք չունի։ Իսկ հանրությունը համապետական վերջին ընտրություններին իր գնահատականը տվել է:
«Այսպիսի հարց բարձրացրել են նոյեմբերի 9-ից հետո, մենք ասել ենք՝ եկեք գնանք ընտրություններով այդ հարցը լուծենք, ընտրությունների արդյունքները նրանց դուր չի եկել: Դա նույնն է, երբ որ ֆուտբոլ խաղալուց հաշվի արդյունքները դուր չգա, պահանջես նորից ֆուտբոլ խաղալ կամ առաջնությունը նորից անցկացնել», - նշեց Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմադիր խմբակցություններն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին չէին ներկայացել։ Երեկ միայն մի քանի րոպեով եկան հարցուպատասխանին, վերստին՝ այս անգամ անձամբ վարչապետին ներկայացրին հրաժարականի պահանջը ու լքեցին նիստերի դահլիճը։