Ժամը 13-ի դրությամբ բերման է ենթարկվել 69 մարդ

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Երևան, մայիս, 2022թ․

Ընդդիմադիրները այսօր առավոտից շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները փողոցներ են փակել Երևանի տարբեր հատվածներում։

Ոստիկանության տվյալներով՝ ժամը 13-ի դրությամբ բերման է ենթարկվել 69 մարդ․ վերջին մեկ ժամում նրանց թիվն ավելացել է 20-ով։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, 22 ցուցարար բերման է ենթարկվել միայն Նոր Նորքի ոստիկանություն։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։ Ընդդիմությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ այսօր առավոտից կշարունակեն անհնազանդության ակցիաները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանները ԵՊԲՀ-ի մոտից բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը պատրաստվում է հերթական ակցիաներին