Ֆրանսիայի հրապարակից ցույցի մասնակիցներն այսօր ոստիկանների ուղեկցությամբ, անարգել երթով շարժվեցին Ազգային ժողովի հարակից տարածք:
Ոստիկանական պատ կար միայն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, նրանք սաղավարտներով ու վահաններով էին:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, մի շարք այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանից» նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը ևս այնտեղ էին: Նրանք նստացույց արեցին Դեմիրճյան փողոցի վրա: Երկու անգամ հրմշտոց եղավ ոստիկանների և այդ փողոցում հավաքված ցուցարարների միջև: Իսկ ակցիայի մասնակիցների մի մասը շարունակում էր մնալ Բաղրամյան պողոտայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված իրավիճակ Ազգային ժողովի շենքի մոտԴեմիրճյան փողոցը բացվելուց հետո ակտիվիստները քայլեցին դեպի քաղաքապետարանի հարակից տարածք՝ այնտեղից գալով Արտգործնախարարության շենքի առջև, որտեղ էլ մի խումբ երիտասարդներ տեղադրեցին Արցախի դրոշը:
Այսօր ցույցի մասնակիցները հանրային պահանջագիր են ներկայացրել իշխանություններին, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումները: Նախորդ ընտրություններին ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցն առաջնային է իշխանությունների համար, իսկ հիմա խոսում է նշաձողն իջեցնելու մասին: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է օր առաջ հեռանա:
Վաղվա պլանների մասին ընդդիմությունը դեռ չի հայտարարել՝ ընդգծելով, որ իրենց օրակարգի գլխավոր հարցը վարչապետի հրաժարականն է:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի