Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաները, այսօր առավոտից նրանք նորից փակել էին ճանապարհները:
Առավոտյան Կիևյան կամուրջը ակցիայի մասնակիցները փակել էին բետոնախառնիչ մեքենաներով: Իսկ ավելի ուշ ցուցարարները ընդդիմադիր պատգամավորների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին կենտրոնի տարբեր ուղղություններով և ժամանակ առ ժամանակ փակում էին փողոցները:
Ցուցարարներին մինչ այս պահը ուղեկցում էին փոքրաթիվ ոստիկաններ: Երթի ու ճանապարհները փակելու ժամանակ նրանց միջև բախումներ չեն եղել:
Երթից հետո նրանք կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք, ինչից հետո կասեն իրենց հետագա քայլերի մասին:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է խորհրդարանում: Երեկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ հայտնեց, որ ժամը 16-ին վարչապետը լինելու է Ազգային ժողովում և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և այնտեղ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասել է 40-իՔիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում «դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը»:
ԱԱԾ-ն հավաքի կազմակերպիչներին, մասնակիցներին նախազգուշացնում է՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ «հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կեղծ հաղորդագրություն է որակում ԱԱԾ հայտարարությունը՝ նշելով, որ այդպիսի հայտարարություններով իշխանությունը փորձում է ահաբեկել ցույցի մասնակիցներին:
«Կեղծ հայտարարություն է, հիմար հայտարարություն է, թույլիկ հայտարարություն է և հայ ժողովրդի հանրային գիտակցության նկատմամբ ահաբեկչական հայտարարություն է: Քաղաքացիներին ահաբեկում են կեղծ լուրերով, որպեսզի քաղաքացիներն իրենց քաղաքական դիրքորոշումը չարտահայտեն», - նշեց Մանուկյանը:
«Ազատության» հարցին՝ «դուք քաղաքացիների հետո որևէ շենք մտնելու նպատակ չունե՞ք», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Որևէ նման ծրագիր չկա»:
Ազգային ժողովի շենքը շրջապատված է ոստիկաններով: Ոստիկանական խմբեր կան նաև ճաղավանդակներից այն կողմ՝ խորհրդարանի բակում, այնտեղ տեղադրված են լրացուցիչ պաշտպանական միջոցներ:
16:30 սկսվելու է կառավարության հետ հարցուպատասխանը, ԱԺ-ում է լինելու վարչապետ Փաշինյանը: