Հայաստանն ինքն իրեն տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում չգտնելու մտավախություն չունի՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, «Արմենպրեսին» ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության, համագործակցության խոստումներ և սպառնալիքներ՝ Իլհամ ԱլիևիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:
«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանի փոխանցմամբ՝ շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե «Բաքուն սպասում է, որ Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ նշելով՝ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հիքմեթ Հաջիև. «Բաքուն սպասում է, որ Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գրիգորյանը:
Հաջիևը օրերս հայտարարել էր, թե Բաքուն սպասում է Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը և պատրաստ կլինի այդ դեպքում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Հիմնահարցն այս է՝ պատրա՞ստ է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք պատրաստ ենք ճանաչել [Հայաստանի տարածքային ամբողջականությունը]»,- ասել է Հաջիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի Հայաստանինը». Ալիև