Մինչ Ռուսաստանն ակտիվացնում է ռազմական գործողություններն Ուկրաինայում և հարձակման անցնում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ երկար դադարից հետո նորից հրթիռակոծում է Ուկրաինայի մայրաքաղաքը, Վաշինգտոնը հայտարարում է, որ պատրաստվում է նոր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Կիևին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու համար հարցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ The New York Times-ը գրում է, որ խոսքը 33 մլրդ դոլարի մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ու Օսթինը Զելենսկուն խոստացել են ավելացնել ռազմական աջակցությունը ՈւկրաինայինՄիջոցներ են ձեռնարկվելու նաև ռուս օլիգարխների ունեցվածքի բռնագրավման և նրանց ակտիվների հնարավոր վաճառքից ստացած գումարն Ուկրաինային փոխանցելու ուղղությամբ։
Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է օգնի Եվրոպայի դաշնակիցներին և շեշտել՝ այդ օգնության գինը շատ բարձր է։ «Բայց, եթե թույլ տանք, որ ագրեսիան շարունակվի, ավելի վատ կլինի», - ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, թե հակառակ դեպքում ռուսները կշարունակեն իրենց ագրեսիվ գործողություններն ու հանցագործություններն Ուկրաինայում։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաև օգնել ուկրաինացի փախստականներին։
Խոսելով ռազմական օգնության մասին՝ նա ասել է, որ հազարավոր զինատեսակներ արդեն փոխանցվել են Ուկրաինային՝ հրետանի, տանկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք, և դա արվել է ռեկորդային արագությամբ, սակայն Կոնգրեսի կողմից նախկինում հատկացված միջոցները սպառվել են և այսօր պետք է նոր միջոցներ տրամադրել՝ օգնությունն Ուկրաինային շարունակելու համար։
«Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ չի պատերազմում»
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ չի պատերազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան հաուբիցներին տիրապետելու նպատակով ուկրաինացի զինվորականների վարժանքներ կանցկացվեն«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, մենք միայն օգնում ենք Ուկրաինային՝ ինքնուրույն պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Պուտինը կարող է ցանկացած պահի վերջ տալ այս դաժանությանը։ Ռուսաստանն այստեղ ագրեսոր է, թող ոչ ոք չկասկածի դրանում, և ամբողջ աշխարհը պետք է պատասխանատվության ենթարկի Ռուսաստանին», - ասել է Բայդենը։
Վաշինգտոնը մտադիր է նաև միջոցներ ձեռնարկել՝ ռուս օլիգարխներին հակազդելու համար։ Բայդենի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ զրկվեն իրենց կուտակած փողից, շքեղ տներից, անշարժ գույքից։
Նա ընդգծել է՝ Պուտինի մտերիմ օլիգարխների գույքը պետք է բռնագրավել և վաճառքից ստացած հասույթն ուղղել Ուկրաինային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիայում կալանքի տակ են հայտնվել 21 զբոսանավեր, որոնք կարող են պատկանել ռուսաստանցի մեծահարուստներին