Անկարայում հույս ունեն ամռանը շոշափելի արդյունքներ գրանցել հայ-թուրքական բանակցություններում. Գոչունյան 

Անկարայում հույս ունեն արդեն ամռանը շոշափելի արդյուքներ գրանցել հայ-թուրքական բանակցային գործընթացում, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից առաջ ենթադրություններ կային, որ 2022 թվականի ամռանն արդեն շոշափելի նորություններ կարող են լինել: Հիմա մոտենում է ամառը, մոտ անցյալում նախագահ Էրդողանն էլ առևտուր սկսելու և այլնի մասին ակնարկներ էր անում, որոնք թուրքական ԶԼՄ-ներում արձագանք գտան։ Հիմա այս տվյալների համադրությունով` սպասողական իրավիճակ է, տեսնենք Վիեննայից հետո ինչ կաստացվի», - ասաց Գոչունյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ մայիսի 3-ին` Վիեննայում

Հայաստանի արտգործնախարարության երեկվա հաղորդմամբ, երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։

«Հիմա հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը՝ հերթական հանդիպումը, դա, բնականաբար, ինքնին դրական հանգամանք է, դրական հանգամանք է այն իմաստով, որ նշանակում է գործընթացի շարունակություն: Գործընթացի շարունակության նշանակությունն այն է, որ Անկարան և Երևանը, հակառակ իրենց տարբեր սպասելիքների, տարբեր ակնկալիքների, էս պահի դրությամբ կարողանում են գտնել հասարակաց հայտարարներն` էս աշխատանքը շարունակելու համար», - ասաց Գոչունյանը։

Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, որոնց առաջին հանդիպումը կայացավ այս հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

Կողմերը երկու հանդիպումներից հետո նույն հայտարարություն են տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախապայմանները կարող են հետագայում օրակարգ գալ, բայց ոչ այս փուլում. Անկարայի համալսարանի պրոֆեսոր