Մետրոյի նոր կայարան կառուցելու նախընտրական խոստումից գրեթե 4 տարի անց կառավարությունը վերադառնում է այդ նախագծին, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչպես է այն ֆինանսավորվելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մետրոյի նոր կայարանի նախագծի ու կառուցման համար անհրաժեշտ են տասնյակ միլիոն դոլարներ ու մի քանի տարիԱյսօր գործադիրի նիստին վարչապետն ասաց, որ սկսում են Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները, կա մրցույթում հաղթած ընկերություն՝ ռուսական «Մետրոգիպրոտրանսն» է։
«Վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, և քննարկումների արդյունքում Երևանի քաղաքապետարանի հետ միասին որոշում կայացրեցինք, որ 750 միլիոն դրամը ուղղվի այդ նպատակին», - նշեց Փաշինյանը:
850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում արել է մայրաքաղաքի ավտոկայանատեղիները կառավարող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանը։ Այդ գումարով հնարավոր կլինի ֆինանսավորել Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների 3 փուլերից 2-ը։ Չնայած մետրոյի կայարանի կառուցման համար անհրաժեշտ մեծ գումարին՝ Փաշինյան, այնուամենայնիվ, հայտարարեց, որ որոշումը կայացված է՝ նոր կայարանը պետք է կառուցվի։
«Այսինքն մենք հիմա 1 միլիարդ դրամից ավելի ծախսում ենք նախագծման աշխատանքների վրա, ինչ կարժենա ընդհանուր շինարարությունը, արդեն նախագծման արդյունքներով կերևա» - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այս հարցում որևէ տարաձայնություն կառավարության նիստին չհայտնեց, թեև մեկ ամիս առաջ «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում ասել, էր որ մետրոյի նոր կայարանի կառուցումը ճոխություն է Երևանի համար, որի ժամանակը դեռ չի եկել։
«Կարծում եմ, որ այս պահի դրությամբ մեր համար Աջափնյակ մետրոյի կայարանը ճոխություն է ու այն ֆինանսական միջոցները, որը եթե հայթայթենք, ես այդ միջոցները նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ», - նշել էր Սարգսյանը:
Այսօր հետաքրքրվեցինք Սարգսյանից՝ արդյոք փոխել է իր կարծիքը։ Վերջինս արդեն ոչ թե հակադրվեց վարչապետին, այլ նշեց, թե իր համար առաջնայինը մետրոյի եղած համակարգի արդիականացումն է, ապա նոր կայարանի կառուցումը, հույս ունի՝ երկուսն էլ հնարվոր է անել։
«Եթե ունենք հնարավորություն մենակ Մետրոպոլիտենի կառուցումը կամ վերազինման աշխատանքները, իհարկե, ես ասում եմ, որ վերազինման աշխատանքները իրականացնենք: Բայց այս պարագայում երկու ծրագիրն էլ զուգահեռ իրականացնելու ենք», - նշեց Հրաչյա Սարգսյանը:
Փաշինյանը Աջափնյակի կայարանի կառուցումը ռազմավարական ծրագիր անվանեց
Կառավարության նիստին Սարգսյանը բարձրացրեց մետրոյում ներդրումներ անելու անհրաժեշտության հարցը, տարիների ընթացքում այս համակարգում կապիտալ ներդրումներ, ըստ քաղաքապետի, պարզապես չեն արվել և մետրոն մաշվել է։ Փաշինյանի արձագանքից այդպես էլ հստակ չդարձավ գումարներ կուղղվեն վերազինմանը, թե ոչ։ Փոխարենը նա Աջափնյակի կայարանի կառուցումը ռազմավարական ծրագիր անվանեց։
«Սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ արդեն հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, դեպի Մալաթիա-Սեբաստիա, դեպի 15-րդ թաղամաս և այլն», - ընդգծեց վարչապետը:
Նախնական հաշվարկներով մետրոյի 1 կայարանի կառուցման համար պետք կլինի մոտ 50 միլիոն եվրո։ Արդյոք սա արդյունավետ ներդրում կլինի՞ մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի զարգացման տեսանկյունից, հետաքրքրվեցինք ճարտարապետ Անահիտ Թարխանյանից։
«Դա լիարժեք և զգալիորեն կթեթևացնի տրանսպորտային համակարգը, ինչ վերաբերում է գումարայինին, առնվազն մի 5-6 տարի անհրաժեշտ կլինի, որպեսզի կառուցեն: Ստորգետնյա աշխատանքներ են, բավականին ծավալուն են, եթե հինգ տարվա մեջ դիտարկենք, ապա տարին 5 կամ 10 միլիոն, ինձ համար շատ ավելի ընդունելի թիվ է դա: Մենք մեծացնում ենք, ընդլայնում ենք հնարավորությունները բոլոր երևանցիների», - ընդգծեց ճարտարապետը:
«Անարդարության զգացողություն չունեմ». Սարգսյանը՝ Ավինյանի՝ քաղաքապետի թեկնածու լինելու մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի Տիգրան Ավինյանի թեկնածությունըՄետրոյի նոր կայարան կառուցելու ուղղությամբ գործուն քայլի մասին այսօր իր էջում ազդարարել էր նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն է հաջորդ տարի սպասվող ընտրություններում։ Ինչո՞ւ Ավինյանը, ոչ թե գործող քաղաքապետ Սարգսյանը, արդյոք Ավինյանին նախապատվությունը տալու հանգամանքը տարաձայնություն չի՞ առաջացրել Հրաչյա Սարգսյանի և իշխանությունների միջև, հետաքրքրվեցինք մենք։
«Որպես այդպիսին, որ անարդար է, այս պահի դրությամբ այդպիսի զգացողություն չունեմ», - ասաց Սարգսյանը: