Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը խոսել է Ուկրաինայի պատերազմի մասին: Նա հայտնել է, որ Կոնգրես է ուղարկում Ուկրաինային սատարելու համար ևս 33 միլիարդ դոլար հատկացնելու հայտ:
Բայդենի խոսքով, Ռուսաստանն ագրեսոր է, որին հարկ է կանգնեցնել, նույնիսկ եթե դա կպահանջի մեծ գումարներ և մեծ ջանքեր:
«Եթե թույլ տալ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայում, դա միայն կմեծացնի ագրեսորի ախորժակը»,- ասել է նախագահ Բայդենը:
Նա վերստին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները զորք չի գործուղի Ուկրաինա, սակայն կշարունակի աջակցել ագրեսիայի ենթարկված երկրին:
Միացյալ Նահանգները և դաշնակիցները կմեծացնեն ծանր զինատեսակների տրամադրումը և Կիևին կփոխանցեն նաև հրետանի ու տանկեր:
Բայդենի փոխանցմամբ, Պուտինը զգում է, որ նպատակին չի հասնում Ուկրաինայում. և սկսում է սպառնալիքներ հնչեցնել, այդ թվում՝ ակնարկել միջուկային զենքի մասին:
Բայդենն ասել է, որ Պուտինի սպառնալիքներն իրեն չեն մտահոգում, իսկ միջուկային հռետորաբանությունը որակել է որպես «անպատասխանատվություն»:
Պուտինն ուղիղ չի նշել միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին, սակայն ասել է, թե «ռազմավարական վտանգի դեպքում Ռուսաստանը կայծակնային հարվածներ կհասցնի»:
Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հակազդել Ռուսաստանի ցանկացած տեսակի գործողություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին. «Եթե որևէ մեկը Ռուսաստանի համար սպառնալիք ստեղծի, կայծակնային հարվածներ կհասցնենք»