Կանադան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»

Ուկրաինա - Բուչայում ենթադրաբար ռուսների կողմից սպանվածների դիակների արտաշիրիմում և դատաբժշկական փորձաքննություն են իրականացնում, արխիվ

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:

Բանաձևում ասվում է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր»:

Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր, բանաձևի նախագծի հեղինակ Հիթեր Մաքֆերսոնը հայտարարել է, որ բանաձևի ընդունումն առաջին քայլն է: Նա կոչ է արել սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և ավելացնել Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:

«Անհրաժեշտ է ֆինասավորել Միջազգային քրեական դատարանի աշխատանքը և ապահովել, որ դատարանն ունենա ռեսուրսներ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են այս ցեղասպանության կազմակերպիչներին և իրագործողներին պատասխանատվության կանչելու համար», - հայտարարել է կանադացի օրենսդիրը:

Ապրիլի 13-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն է «ցեղասպանություն» որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, նշելով, միաժամանակ, որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը պետք է իրավաբաններն ընդունեն:

Ապրիլի 14-ին ռուսների գործողությունները «ցեղասպանություն» ճանաչելու մասին որոշում է ընդունել Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան:

Ապրիլի 21-ին Էստոնիան և Լատվիան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» են անվանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերագույն ռադան Ուկրաինայում ռուսական բանակի գործելակերպը «ցեղասպանություն» է որակել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառը