Շվեդիան և Ֆինլանդիան, ենթադրաբար, արդեն մայիսի կեսերին ՆԱՏՕ-ին միանալու հայտեր կներկայացնեն: Այդ մասին հաղորդել են շվեդական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրությունների, երկու երկրները համաձայնեցրել են խնդիրը: Հայտը նույն ժամանակաշրջանում ներկայացնելու համար Ֆինլանդիայի նախագահը պետական այցով կմեկնի Շվեդիա, որտեղ երկու երկրների ղեկավարները միասին պաշտոնապես կհայտարարեն ՆԱՏՕ-ին միանալու որոշման մասին:
Ըստ Aftonbladet շվեդական օրաթերթի, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան խոստացել են հզորացնել ռազմական ներկայությունը Շվեդիայում, այդ երկրի հետ անցկացնել լրացուցիչ զորավարժություններ և ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական աջակցություն ՆԱՏՕ-ին միանալու հարցում:
Շվեդիայի իշխող կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների լիդերները հայտնել են, որ այժմ վերանայում են ՆԱՏՕ-ին միանալու հարցում ավանդական բացասական դիրքորոշումը, ինչի մասին կհայտարարեն մինչև մայիսի 24-ը:
ՆԱՏՕ-ն բազմիցս հայտնել է, որ երկու սկանդինավյան երկրներին անդամի կարգավիճակ շնորհելու գործընթացը շատ արագ կիրականացվի և տարիների փոխարեն ամիսներ կտևի:
Ֆինլանդիան որպես Եվրամիության անդամ, ունի Ռուսաստանի հետ ամենաերկար ցամաքային սահմանը: Շվեդիան ծովային սահման ունի Ռուսաստանի հետ:
Երկու երկրներում քաղաքական գործիչներն ասում են, որ հարձակվելով Ուկրաինայի վրա, Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», և դա օրակարգ է բերել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը: