Ռուսաստանի նախագահը քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանն արձագանքելու մի շարք տարբերակներ այն բանից հետո, երբ հարցի վերաբերյալ առաջարկներ կստանա Պաշտպանության նախարարությունից: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երբ մեր արևմտյան սահմանների ամրապնդման ծրագիրը կազմվի՝ նախագահի հետ հատուկ ժողովում կքննարկվեն բոլոր անհրաժեշտ ձեռնարկվելիք միջոցները»,- հայտնել է խոսնակը:
Այդ մեկնաբանությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Պուտինի սերտ զինակիցներից Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, թե Ռուսաստանն անպայման պատասխան քայլերի կդիմի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ այդ դեպքում Մոսկվան անպայման ստիպված կլինի դիմել սեփական անվտանգությունը և պաշտպանությունը երաշխավորելու քայլերի:
Շվեդիայում և Ֆինլանդիայում Հյուսիասատլանտյան դաշինքին անդամակցելու խնդիրն օրակարգ է մտել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ: