Մոսկվան անմիջապես արձագանքել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետերի երեկվա հանդիպմանը քննարկված ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը՝ սպառնալով, որ այդ դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ուժերը, տեղակայելով նաև ատոմային զենք։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր էջում գրել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցելու դեպքում Ռուսաստանի և դաշինքի միջև ցամաքային սահմանի երկարությունը կկրկնապատկվի և, բնականաբար այդ սահմանը հարկ կլինի ամրացնել, լրջորեն ուժեղացնել ցամաքային զորքերի խմբավորումն ու հակաօդային պաշտպանության համակարգը, ուժեղացնել ռազմածովային ուժերը Ֆիննական ծոցում և նա ընդգծել է՝ «Բալթիկայի ոչ միջուկային կարգավիճակի մասին արդեն չի կարող խոսք լինել»։
Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը BNS գործակալությանն ասել է, որ դեռ մինչ այս ճգնաժամը, Ռուսաստանն արդեն ատոմային զենք ուներ Բալթյան տարածաշրջանի Կալինինգրադի մարզում։
«Ռուսաստանի ներկայիս սպառնալիքները բավականին տարօրինակ են թվում, քանի որ մենք գիտենք, առանց անվտանգային առկա իրավիճակի, նրանք զենքը պահում են Լիտվայի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Ատոմային զենք Կալինինգրադում միշտ եղել է։ Միջազգային հանրությունը, տարածաշրջանի երկրները դա շատ լավ գիտեն։ Ռուսաստանը այն որպես սպառնալիք է օգտագործում»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը։
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ևս այսօր ասել է, թե Բալթյան տարածաշրջանում ռազմական ուժերը մեծացնելու, այդ թվում՝ միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի սպառնալիքում «ոչ մի նոր բան չկա»։
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ «Կա նախագահի հանձնարարությունը Պաշտպանության նախարարությանը, արևմտյան թևի պաշտպանությունը ուժեղացնելու առաջարկներ ներկայացնել՝ սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի զարգացման ֆոնին։ Երբ այդ պլանը մշակվի, այն արդեն կպարունակի ձեռնարկվելիք անհրաժեշտ բոլոր քայլերի մի ամբողջ շարք միջոցառումներ և դա նախագահի մոտ կքննարկվի առանձին խորհրդակցությունում»։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոն ևս այսօր ասել է, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանը ստիպված կլինի անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Ռազմական դաշինքին անդամակցելը ամենացանկալի հետևանքներ կբերի, ասել է Գլուշկոն։
Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր գրառման մեջ նշել էր, որ Շվեդիան և Ֆիլնադիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը քննարկում են «գազանային լրջությամբ»։
Նախօրեին Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետեր Սաննա Մարինը և Մագդալենա Անդերսոնը Ստոկհոլմում քննարկել են ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը և շարունակվող պատերազմը այս չեզոք երկրներին ստիպում է մտածել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։
Կոնկրետ քայլեր, ժամկետներ չեն նշվում, բայց փորձագետները հնարավոր են համարում, որ այս տարվա ընթացքում այդ երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ կներկայացնեն։
Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ասել է, որ կառավարությունը խորհրդարանին անվտանգային հարցերի շուրջ զեկույց է փոխանցել քննարկումներ սկսելու համար։
«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո» ,- ասել է Սաննա Մարինը և նշել, որ դա Ֆինլանդիային ստիպել է վերլուծել ՆԱՏՕ-ի հանդեպ դիրքորոշումը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն իր հերթին ասել է, թե «մենք իսկապես պետք է մտածենք ինչն է լավ Շվեդիայի, մեր անվտանգության և խաղաղության համար այս նոր իրավիճակում»։