Ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի պատերազմը, կբերի ՌԴ-ում ու Եվրոպայում տնտեսական ճգնաժամի. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքով` ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, այլ ընդամենը կհանգեցնի Ռուսաստանում և ամբողջ Եվրոպայում լրջագույն տնտեսական ճգնաժամի։

«Եթե Պուտինը ընդուներ տնտեսական փաստարկները, նա երբեք չէր սկսի այդ խելահեղ պատերազմը»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է գերմանական կառավարության ղեկավարը։

Շոլցի խոսքով` Գերմանիայի իշխանությունները ցանկանում են խուսափել տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի և գործարանների կորստից։ Էմբարգոյի արդյունքում կարող է տուժել ողջ եվրոպական տնտեսությունը, ինչը դժվարություններ կառաջացներ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։

Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր սպառած գազի մոտ 40 տոկոսը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ անհնար է նման ծավալի այլընտրանք գտնել կարճ ժամկետում, իսկ մատակարարումների դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքի դեֆիցիտի և էներգակիրների գների բարձրացմանը քաղաքացիների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորել. ԵՄ-ը կշարունակի իջեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ է լինելու