Վրացիների մեծ մասը վստահ է՝ պետք է վիզային ռեժիմ սահմանվի Ռուսաստանի քաղաքացիների համար

Տեսարան Թբիլիսիից, 2018թ․

Ուկրաինայում ընթացող պատերազմի և ռուսաստանցիների մեծ խմբերի՝ Թբիլիսի ժամանման ֆոնին Վրաստանի բնակչության մեծ մասը վստահ է՝ երկրի կառավարությունը պետք է վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար։ Դա են վկայում ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հերթական սոցհարցման արդյունքները։

Երեկ հրապարակված այս հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 66 տոկոսը կողմ է Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաներ սահմանելու գաղափարին իսկ 23 տոկոսը դեմ։

Դրա հետ մեկտեղ հարցվածների մեծամասնություն աջակցում է Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության որոշմանը, ըստ որի, պաշտոնական Թբիլիսին չպետք է միանա Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Այս խնդրում վրացական կառավարության որդեգրած քաղաքականությանն աջակցում է հարցման մասնակիցների գրեթե կեսը՝ 49 տոկոսը։

Վրաստանի բնակչության 37 տոկոսը հակառակը վստահ է՝ Թբիլիսին պետք է միանա արևմտյան պատժամիջոցների քաղաքականությանը՝ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ Թերևս օրինաչափ է, որ այս տեսակետի օգտին հիմնականում հանդես են գալիս ընդդիմության՝ նախևառաջ Միխաիլ Սաակաշվիլիի կուսակցության աջակիցները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց-ուկրաինական դիվանագիտական սկանդալը գնալով թեժանում է

Իշխող «Վրացական երազանքի» ընտրողների թվում հակառակը, տրամադրություններն այլ են։ Իշխանության աջակիցների միայն14 տոկոսն է կողմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Դատելով NDI-ի հարցման արդյունքներից՝ ուկրաինական ճգնաժամը նպաստել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների հանրային դիրքերի ամրապնդմանը։

Ուկրաինայի խնդրում վարչապետ Ղարիբաշվիլիի գործունեությանը հավանություն է տալիս հարցված վրացիների 46, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ 63 տոկոսը։ Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներից նաև պարզ է դառնում, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը Ռուսաստանը ուղղակի սպառնալիք է համարում հարևանների համար։ Ուշագրավ է,որ հինգ տարի առաջ այս տեսակետի օգտին Վրաստանում անհամեմատ ավելի քիչ մարդ էր հանդես գալիս՝ 57 տոկոսը։

Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել, թե ըստ երկրի քաղաքացիների, հատկապես որ երկրների կամ դաշինքների հետ պետք է Վրաստանն առավել սերտ կապեր պահպանի։ Քաղաքական ամենաօպտիմալ դաշնակիցների առաջատար քառյակը, ըստ Վրաստանի բնակչության, հետևյալ տեսքն ունի՝ ԵՄ, Միացյալ Նահանգներ, Թուրքիա և Ադրբեջան։ Հայաստանի հետ դաշնակցային կապեր զարգացնելու օգտին հանդես է եկել հարցվածների միայն հինգ տոկոսը, Թուրքիայի 17 և Ադրբեջանի 13 տոկոսի համեմատ։