Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կողմնակիցները ներքաշում են Վրաստանը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, պնդում է Թբիլիսին


Վրաստան - Ցույց ի պաշտպանություն Ուկրաինայի Թբիլիսիում, 25-ը փետրվարի, 2022թ․
Վրաստան - Ցույց ի պաշտպանություն Ուկրաինայի Թբիլիսիում, 25-ը փետրվարի, 2022թ․

«Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն անում են ամեն ինչ Վրաստանն ռուս - ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար», - պնդում է պաշտոնական Թբիլիսին։ Երեկ երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

«Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը, որոնց առնչություն ունեն ապակառուցողական ընդդիմությունն ու Ազգային միացյալ շարժումը, ցավոք սրտի չեն դադարում։ Այդ ուժերի նպատակը մեր երկրի տարածքում պատերազմի սանձազերծումն է։ Դա կառավարվող մի գործընթաց է, որի հետևում կանգնած են ապակառուցողական ընդդիմության թե՛ Թբիլիսիում և թե՛ Կիևում գտնվող անդամները», - հայտարարում էր Դարչիաշվիլին։

Վրացական կառավարության աշխատակազմի ղեկավարի այս հայտարարությունը հնչեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիևում կազմակերպված ասուլիսից մի քանի ժամ անց։ Այդ ասուլիսի ընթացքում Զելենսկին տեղեկացրեց, որ շտապ կարգով Թբիլիսիից հետ է կանչում Ուկրաինայի դեսպանին։

«Վրաստանում դեսպանը անհապաղ հետ է կանչվում այն խոչընդոտների պատճառով, որ հարուցվում են մեզ օգնել ցանկացող կամավորների համար, ինչպես նաև պատժամիջոցների հարցում ցուցաբերած անբարոյական դիրքորոշման պատճառով», - հայտարարում էր Զելենսկին։

Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները թույլ չտվեցին երկրի մի խումբ քաղաքացիների մեկնել Ուկրաինա՝ ռազմական գործողությունների մասնակցելու նպատակով։

«Կամավորների՝ չարթերային չվերթով Ուկրաինա մեկնելու երեկվա ցուցադրական փորձը սադրանք էր։ Դա կազմակերպվել էր Ազգային միացյալ շարժման կողմից և ընկալվելու էր որպես Վրաստանի անուղղակի մասնակցություն պատերազմին», - հայտարարում էր Դարչիաշվիլին։

Ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր պաշտոնական Թբիլիսին խիստ զուսպ պահվածք է ցուցաբերում։ Հայտարարելով Ուկրաինային աներկբա քաղաքական աջակցության մասին՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունն այնուհանդերձ չի շտապում միանալ Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին։ Պատերազմի երկրորդ օրը՝ փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ իր երկիրը, «ելնելով ազգային շահերից, չի միանալու Ռուսաստանի դեմ սահմանվող ֆինանսա-տնտեսական պատժամիջոցներին»։

Երկուշաբթի օրն էլ փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարեց, որ ռուսական օդանավերի համար Վրաստանի օդային տարածքի արգելափակման շուրջ որևէ որոշում դեռ չի կայացվել։

«Մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ հարևան պետությունների հետ, որոնք, ինչպես հայտնի է Վրաստանի օդային տարածքն օգտագործում են դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնելու համար», - հայտարարել էր Դավիթաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG