Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը Մադրիդում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ կառույցի անդամները կշարունակեն էներգետիկայի բնագավառում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:
Այդ նպատակով Եվրամիությունը կրճատելու է ռուսական նավթի և գազի ներկրման ծավալները:
«Յուրաքանչյուր երկիր շատ արագ կրճատում է ռուսական նավթի ու գազի գնումները: Նախ ներկրումն ավելացել էր, քանի որ պետք էր լրացնել պահեստները, բայց հիմա բոլոր երկրները, այդ թվում կախվածության մեջ գտնվողները, լուրջ քայլեր են անում ներկրումն իջեցնելու ուղղությամբ»,- ասել է Բորելը:
Նրա փոխանցմամբ՝ այդ հարցը կքննարկվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովներում:
«Եվրոպական հանձնաժողովն ունի ռուսական գազի սպառումը երկու երրորդով կրճատելու ծրագիր: Մենք պետք է ազատվենք այդ կախվածությունից, և դա անելու լավագույն ձևը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է, մենք չպետք է վերադառնանք ածխին»,- ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը: