Մատչելիության հղումներ

Մակրոնը, Բայդենը և այլ լիդերներ վաղը քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ապրիլի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այդ մասին Մակրոնն ասել է France 5 հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

«Վաղը երեկոյան զրուցելու եմ նախագահ Բայդենի և մյուս լիդերների հետ», - ասել է Մակրոնը՝ նշելով, որ ինքն ամեն ինչ կանի «պատերազմի մեջ չներքաշվելով այն ավարտելու համար»:

Խոսելով ռուսական էներգակիրների մատակարարման մասին՝ Մակրոնն ասել է, թե «չկա և ոչ մի խողովակաշար, որը Ռուսաստանից կհասներ Ֆրանսիա, սակայն որոշ երկրներ կախվածության մեջ են»։

«Եվրոպական շուկան փոխկապակցված է, պետք է հիմա պատրաստվել հաջորդ ձմռանը, գուցե կգա մի օր, որ ստիպված կլինենք մի փուլում հրաժարվել ռուսական գազից», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ ռուսական ածխի և նավթի նկատմամբ սահմանափակումները կարևոր են և թույլ են տալիս դադարեցնել ռուսական ագրեսիայի ֆինանսավորումը:

Սպիտակ տունը, իր հերթին, հաղորդում է․ - «[ԱՄՆ] Նախագահը պաշտպանված տեսակապի միջոցով կզրուցի դաշնակիցների և գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու շարունակականությունը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»։

Սպիտակ տունը դեռ չի հստակեցրել, թե որ երկրների ղեկավարները կմասնակցեն զրույցին։ Նշվում է, որ այն կանցկացվի մամուլի համար փակ ռեժիմում։

XS
SM
MD
LG