Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է Փաշինյանի հետ քննարկել անվտանգության հարցերը, «այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ»։ «Խնդիրները շատ են, բայց դրանց շուրջ շփումը մշտական է», - նշել է Պուտինը։
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Շատ խնդիրներ դեռ մնում են, համաձայն եմ Ձեզ հետ: Մենք մշտապես կապի մեջ ենք Ձեզ հետ։ Չգիտեմ, ամեն շաբաթ կամ ամեն տասը օր հաստատ շփվում ենք հեռախոսով, և հանդիպումները պարբերական են, չնայած պանդեմիայի շրջանին», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Փաշինյանի այցը նվիրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Հայաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում և հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում է'լ ավելի արդյունավետ կլինի:
«Խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել։ Եվ, իհարկե, ամենակարևոր հարցը մեր տարածաշրջանում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Համոզված եմ՝ այս մասին ևս մենք այսօր կխոսենք», - նշել է Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան Նովո Օգարյովո նստավայրում անցնում են Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։
Ի դեպ՝ РИА Новости պետական գործակալությունն ընդգծել էր, որ Փաշինյանն ու Պուտինը նստած են փոքրիկ կլոր սեղանի շուրջ։ Վերջին շրջանում Պուտինը իր հանդիպումները արտասահմանյան առաջնորդների, ինչպես նաև սեփական թիմակիցների հետ անցկացնում էր շատ երկար սեղանի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է Ռուսաստանում, վաղը Մոսկվայում նա կհանդիպի նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մի շարք համաձայնագրեր կստորագրի ռուսական կողմի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։
Վաղը Հայաստանի Վարչապետը նաև կմեկնի Նիժնի Նովգորոդ։ Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ։
Հիմնականը, իհարկե, Պուտին-Փաշինյան բանակցություններն են:
Ի դեպ՝ երկու ամիս առաջ Մոսկվայում Պուտինը ընդունել էր Ադրբեջանի նախագահին, Ալիևի պաշտոնական այցի ժամանակ ստորագրվել էր ռուս-ադրբեջանական նոր պայմանագիրը, որի համաձայն Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները պաշտոնապես արդեն նշվում են որպես դաշնակցային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումիցՊուտինն առաջին անգամ է ընդունում Հայաստանի ղեկավարին Բրյուսելում ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո, որի ընթացքում Երևանը և Բաքուն պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, իսկ արտգործնախարարներին էլ հանձնարարել էին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը։
Մոսկվան բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո շտապեց հայտարարել, որ ողջունում է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները։ Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, շեշտել էր, թե երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանի միջնորդությամբ մեկնարկել էր մինչև եվրոպացիների նախաձեռնությունը, և եվրոպացիները սա պետք է ընդունեն ու Ռուսաստանի նախաձեռնած այդ գործընթացի համար խոչընդոտներ չստեղծեն։ Նույն այդ օրը Լավրովը նաև ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի, քանի որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները Ուկրաինայում պատերազմի պատճառով հրաժարվում են ռուսական կողմի հետ շփումից։
Իսկ ավելի ուշ` ապրիլի 14-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է․ «Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար»։
Մինչ այսօրվա բանակցությունները Պուտինը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հնարավորությունը և Ռուսաստանի դերակատարությունն այդ գործընթացում ապրիլի 9-ին քննարկել էր արդեն վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցների ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Պուտինին են ներկայացրել բրյուսելյան բանակցությունների մանրամասներըԹե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան անկախ դիրքորոշումից Մինսկի խմբի կարգավիճակի հարցում, ողջունում են Բաքվի առաջ քաշած հինգ սկզբունքների վրա հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը։ Եվ այսօրվա բանակցությունների փակ հատվածի հիմնական թեման, «Ազատության» աղբյուրի համաձայն, հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցմանը Ռուսաստանի դերակատարությունն է և ռուս խաղաղապահների առաքելության ճակատագիրը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` նրանք Լեռնային Ղարաբաղում պետք է մնան առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը։