ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում և Երևանում մեր դաշնակիցների և գործընկերների կողմից աջակցություն Խովաևի ջանքերին: Բաց ենք կառուցողական համագործակցության մյուս հետաքրքրված դերակատարների հետ», - ասել է Զախարովան:
Նա նշել է, թե Խովաևի նոր կարգավիճակը կապված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշման հետ: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ից ԵԱՀԿ Մինսկի խմբում դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ։ «Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն վերականգնելու համար անհրաժեշտ են հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը Մինսկի խմբում», - ասել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը լի է վճռականությամբ՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Զախարովան հայտնել է, որ այդ թեման քննարկվել է ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներում, իսկ դրանից մեկ օր առաջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լավրովի հեռախոսազրույցում։
Զախարովան ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների» հաստատման համար Բաքվի առաջարկած բազային սկզբունքները և դրանց Երևանի արձագանքը հիմք են հանդիսացել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում. Լավրով