Հայաստանի պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այն ուժի մեջ է», - շեշտեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում: Իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարն էր ասել, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:
«Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասությունները այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որ նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ վակուում առաջանա այդ առումով, բայց երկկողմ ձրաչափ գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել», - այսօր խորհրդարանում պարզաբանեց արտգործնախարար Միրզոյանը։
Լավրովի այս հայտարարությունից օրեր անց Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ապա ԱՄՆ-ն հայտարարեց` պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև իր ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած հեռախոսազրույցին՝ հայտնելով, որ այն տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է, և արձանագրվել է նաև երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով Բրյուսելում՝ այն է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրի ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները երկու կողմերի», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։