Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հաստատում է վերջին 24 ժամերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Մարիուպոլում շրջապատման մեջ գտնվող ուկրաինական խոշոր ստորաբաժանումներից մեկը վայր է դրել զենքերը։
«Մարիուպոլ քաղաքում՝ Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի շրջանում, ռուսաստանյան զինված ուժերի և Դոնեցկի հանրապետության ժողովրդական միլիցիայի հաջող հարձակողական գործողությունների արդյունքում, զենքերը կամավոր վայր են դրել և գերի են հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայողներ», - այսօր առավոտյան հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ. Մարիուպոլում շուրջ 1000 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքըՓոխծովակալ Բիլինսկու անունը կրող 36-րդ բրիգադի զինծառայողների հնարավոր գերեվարման մասին լուրերն ուկրաինական լրատվամիջոցներում և սոցցանցերում սկսեցին շրջանառվել դեռ երեկ առավոտյան՝ այն բանից հետո, երբ ստորաբաժանման ֆեյսբուքյան օգտահաշվում մի գրառում հայտնվեց, որում զինվորականները պնդում էին՝ լիակատար շրջապատման մեջ գտնվող բրիգադի սպառազինությունն ու սննդամթերքը գրեթե ամբողջությամբ սպառվել են։
Ու թեև այս գրառման ի հայտ գալուց անմիջապես հետո սկսեցին ակտիվ լուրեր շրջանառվել, թե ստորաբաժանման ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման, օրվա երկրորդ կեսին 36-րդ բրիգադի զինծառայողները, որոնք արտաքին աշխարհի հետ կապը պահպանում էին բացառապես Իլոն Մասկի ընկերության տրամադրած Starlink տեխնոլոգիայի միջոցով, հանդես եկան տեսաուղերձով՝ փաստորեն վերահաստատելով ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած պնդումները։
«Մենք Մարիուպոլի պաշտպաններն ենք՝ ծովային հետևակի 36-րդ բրիգադը։ Մենք մինչև վերջ պաշտպանում էինք և պաշտպանում ենք այս քաղաքը։ Իրականությունը, սակայն, հետևյալն է՝ քաղաքը գտնվում է շրջապատման օղակի մեջ, և սպառազինության կամ սննդամթերքի որևէ մատակարարում չի իրականացվել», - հայտարարում էր ուկրաինական ստորաբաժանման զինծառայողներից մեկը։
Ուկրաինայում ձերբակալվեց ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկը
Այն նույն ժամերին, երբ ամբողջ Ուկրաինան հետևում էր Մարիուպոլում մարտնչող ծովային հետևակայինների շուրջ ծավալվող իրադարձություններին, Անվտանգության ծառայությունը հայտարարեց երկրի ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկի՝ շաբաթներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Մեդվեդչուկի ձերբակալության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ձերբակալել են ռուսամետ ամենահայտնի լիդերներից «Պուտինի քավոր» Մեդվեդչուկին1990-ականներին և 2000-ականների սկզբին Ուկրաինայում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Մեդվեդչուկը Վլադիմիր Պուտինի մոտիկ ընկերն է համարվում՝ նշենք միայն, որ Ռուսաստանի նախագահը նրա դստեր կնքահայրն է, բացի այդ, նա Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ ուժի՝ «Ընդդիմադիր պլատֆորմ» դաշինքի առաջնորդն է։ 2021 թվականին նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցվեց, մինչև պատերազմի սկիզբը Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր, որից փախուստի էր դիմել ռազմական գործողությունների ամենասկզբում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում պաշտոնական Մոսկվային առաջարկեց Մեդվեչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։ Զելենսկին համոզված է, որ նման փոխանակումը հնարավոր է, քանի որ Մեդվեդչուկը «ձերբակալության պահին, ծպտվելու համար ուկրաինական ռազմական համազգեստով էր»։
«Եթե Մեդվեդչուկն ինքն է ընտրել ռազմական համազգեստը, ուրեմն նրա վրա տարածվում են պատերազմական ժամանակաշրջանի կանոնները։ Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը նրան փոխանակել գերության մեջ գտնվող մեր տղաների և աղջիկների հետ», - հայտարարում էր Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին առաջարկում է Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի գերիների հետՈւկրաինայի նախագահի այս առաջարկին Մոսկվայից առաջինն արձագանքեց նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Ուկրաինական իշխանությունների այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են Մեդվեդչուկին փոխանակել ռազմագերիների հետ, խորհուրդ կտամ գիշերներն ամուր կողպել դռներն ու պատուհանները, որպեսզի իրենք չհայտնվեն փոխանակման ենթակա անձանց շարքում», -Telegram-ի իր էջում գրել է Ռուսաստանի նախկին նախագահը։