«Թեղուտ» ընկերությունը ևս մեկ ամսով երկարացրել է հարկադիր պարապուրդը

Հազարից ավելի աշխատակից ունեցող «Թեղուտ» ընկերությունը ևս մեկ ամսով երկարացրել է հարկադիր պարապուրդը։ Աշխատողների հիմնական մասին տուն են ուղարկել աշխատավարձը երկու երրորդով վճարելու պայմանով։

Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ բանկին պատկանող ընկերությունը մարտի կեսին երկու շաբաթով էր դադարեցրել պղնձամոլիբենային հանքի ու հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Գլխավոր տնօրենն «Ազատության» հարցերին ի պատասխան տեխնիկական պատճառներ էր առաջ քաշել, բայց միաժամանակ չէր թաքցրել, որ ռուս-ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունեն։ Հարկադիր արձակուրդի գնացած աշխատակիցները հրաժարվում են հարցազրույցից՝ նշելով միայն, որ հույս չունեն, թե երկարատև դադարի դեպքում ընկերությունն կշարունակի իրենց գոնե երկու երրորդով վարձատրել։

«Ասել են՝ մայիսի1-ից կբացի», - ասաց գլխավոր տնօրենը:

Ընկերության տարածքում լռություն էր։ Միայն անվտանգության աշխատակիցներն ու տեխնիկական սարքավորումներին հետևող անձնակազմն է աշխատանքի գալիս։ Ղեկավարությունից ասացին՝ առայժմ ասելիք չունեն։ Իրենց հետագա անելիքները պարզ կլինեն ամսվա վերջին։

Ավելի վաղ ընկերության ղեկավար Վլադիմիր Նալիվայկոն ուղիղ չէր պատասխանել, թե արևմտյան պատժամիջոցներն ինչպե՞ս են անդրադարձել ռուսական բանկի ենթակայությամբ գործող այս ընկերության վրա, որն, ըստ էության, իր պղնձամոլիբդենային խտանյութի ողջ ծավալն արտահանում է Եվրոպա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թեղուտ»-ը 2 շաբաթով դադարեցնում է աշխատանքը, պատժամիջոցների հետևանքով ընկերությունն արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի

«Ընկերությունը նախատեսում էր այս տարվա մայիս-հունիս ամիսներին դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումն ու իրականացնել նշված աշխատանքը, բայց աշխարհում քաղաքական-տնտեսական իրավիճակի պատճառով խախտվել է արտադրական ապրանքների՝ սպառողներին մատակարարելու լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն պետք է վերակառուցել», - նշել է Նալիվայկոն։

Թեղուտի ու հարակից բնակավայրերի բնակիչների մեծ մասի եկամտի աղբյուրը հանքավայրում աշխատատեղն է։ 2008-ին հանքավայրի շահագործումից հետո շատերը զրկվեցին իրենց հողատարածքներից, թողեցին գյուղատնտեսությունն ու աշխատանքի անցան ընկերությունում։ Եվ ամեն անգամ, երբ հանքի գործը կանգնում է, տեղացիները սոցիալական մեծ դժվարությունների են բախվում։

850 բնակիչ ունեցող Թեղուտի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանն ասում է՝ այսօր ամենամեծ խնդիրը բանկերում ունեցած վարկերն են. «Սոցիալական լարվածության խնդիրը դեռ էական չի նկատվում, բայց դե, բնականաբար, մարդիկ անհանգստացած են, վարկեր ունեն վերցրած, բացի վարկերը, դե մարդիկ ի՞նչով պիտի ապրեն: Մարդիկ ստաբիլ աշխատավարձ էին ստանում, աշխատանք ունեին, գյուղատնտեսությունով, անասնապահությունով էլ չէին զբաղվում, եթե երկու կով էին պահում, այդ կովն էլ չէին պահում արդեն, անասնագլխաքանակը քչացել է»:

Ավելի քան 1100 աշխատող ունեցող «Թեղուտ» ընկերությունն անցած տարի խոշոր հարկատուների ցանկում 10-րդ տեղն է զբաղեցրել՝ տարեկան արտադրելով մոտ 90 հազար տոննա պղնձի և մոլիբդենի խտանյութ և պետբյուջե վճարելով երեսուն ու կես միլիոն դոլարի հարկ։