Մատչելիության հղումներ

Ըստ հաշվետվության, Թեղուտի նախկին շահագործողները թույլատրվածից տարեկան առնվազն մեկ միլիոն տոննա ավելի հանքաքար են վերամշակել


Թեղուտի հանքավայրի պոչամբարը տեխնիկական խնդիրներ չունի, և այն պատրաստ է տարեկան մինչև 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման համար, պնդում է այսօրվանից ամբողջ թափով գործունեություն իրականացնող «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։

«Մեկուկես տարի անցել է, պատնեշն այսօր լիովին ամրացել է, և այսօրվա դրությամբ նախագծի որևէ խախտում չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

Մեկուկես տարի առաջ նախկին սեփականատերն ընթացիկ վերանորոգման աշխատանքների պատրվակով փակեց Թեղուտի հանքավայրը։ Հետո հայտարարեցին, որ պոչամբարում խնդիր է առաջացել և երկարատև վերանորոգման անհրաժեշտություն կա։ Տարբեր մակարդակներում խոսվում էր պոչամբարի պատվարին առաջացած ճեղքի մասին։ Ընկերության ներկայիս գլխավոր տնօրենը, մինչդեռ, հերքում է ճեղքի առկայությունը. - «Եթե ճեղք կա, դա պետք է լինի։ Այն ոչ ոք չի տեսել, պարզապես չկա»։

Հանքարդյունաբերության ոլորտում 35 տարվա փորձ ունեցող Վլադիմիր Նալիվայկոն ասում է՝ հանքավայրի նախկին շահագործողները տեխնիկական կանոնակարգի խախտումներ են թույլ տվել։

Կառավարությունից տարեկան մինչև 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման իրավունք ստացած ընկերությունը գործունեության յուրաքանչյուր տարում ընդերքից հանել և վերամշակել է առնվազն մեկ միլիոն տոննա ավելի հանքաքար, քան թույլատրված էր։

Ընկերության նախկին ղեկավարների ֆինանսական հաշվետվությունների համաձայն, առաջին տարում վերամշակել են 5 միլիոն, հետո՝ 7 միլիոն, իսկ գործունեության երրորդ տարում՝ 8 միլիոն տոննա։

«Այսինքն, պայթեցումների, փոշու, արտանետումների, օգտագործված ջրի և պոչանքի քանակը նախագծից ավելի է եղել։ Ընկերության ցանկությունները հասկանալի էին. ֆաբրիկան կառուցել էին, շատ փող էին ծախսել այդ ամբողջ շինարարության վրա։ Պետք էր վճարել, և ղեկավարությունը հանել ու վերամշակել է ավելի շատ, որպեսզի ավելի շատ փող աշխատեն՝ դե, երևի բանկի հետ հաշիվները փակելու համար», - ասաց Վլադիմիր Նալիվայկոն։

Երեք տարվա ընթացքում պոչամբարը լցվել է ծայրահեղ արագությամբ, և պոչամբարի պատվարները չեն դիմացել, «Ազատության»-ն ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

Հանքավայրի նոր ղեկավարը, եթե հասկանալի է համարում նախկին սեփականատերերի ավելի շատ եկամուտ ստանալու ձգտումը, ապա, ըստ նրա, անհասկանալի է, որ նախկինում երկու պոչատար խողովակի փոխարեն մեկն են կառուցել։

«Ըստ նախագծային փաստաթղթերի երկու պոչատար խողովակ պետք է լիներ։ Այսինքն՝ լեռնահարստացուցիչ ֆաբրիկայից պոչանքը պետք է դուրս գար երկու խողովակաշարով։ Չգիտես ինչու, մեկն էր։ Ֆաբրիկան սկսել են ծանրաբեռնել, և այդ մեկ պոչատարը, պարզապես, չի դիմացել։ 600 միլիմետրանոց խողովակով բաց են թողել ոչ թե 4 միլիոն, 5 միլիոն, 7 միլիոն, այլ՝ 5 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն։ Խողովակն արագ քանդվել է», - ասաց Նալիվայկոն։

Նախկին սեփականատերերից ավելի քան 400 միլիոն դոլարի պարտք ժառանգած «Թեղուտ» ընկերությունն այսօրվանից վերսկսում է պղնձի խտանյութի արտադրությունը։

Գլխավոր տնօրենը նշում է, որ Կառավարությունից ստացել են վերագործարկման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։ Նա խոստանում է, որ արտադրական թույլատրելի սահմանը չեն անցնելու և փոշին մինչև 80 տոկոսով նվազեցնելու նոր մեթոդներ են կիրառելու։


«Բիզնեսը պետք է բերի իր եկամուտները, և, ամենակարևորը, մենք պետք է այս ամենի համար սեփականատեր բանկին սկսենք վճարել։ Ե՞րբ են կանգնեցրել լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, երբ եկել է վերցրած փողերի դիմաց բանկին վճարելու ժամանակը», - ասաց տնօրենը։


Նշենք, որ 2015 թվականին «Թեղուտ» ընկերության սեփականատեր «Վալլեքս» խումբը 380 միլիոն դոլարի վարկ էր վերցրել ռուսական ՎՏԲ բանկից բավական բարձր՝ 9 տոկոս տոկոսադրույքով։

Ընկերությունը պարտավորվել էր գործունեության երրորդ տարուց սկսած մարել վարկը։ Սակայն, վճարումներ չեղան։

2018 թվականի հունվարին ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ դադարեցնում են գործունեությունը և աշխատողներին մի քանի ամիս հարկադիր պարապուրդի մեջ պահելուց հետո ազատեցին աշխատանքից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարկատու բանկն առգրավել է ընկերությանը պատկանող Թեղուտի հանքավայրն ու ֆաբրիկան։

ՎՏԲ-ին անցած ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն Ազատությանն ասաց՝ փորձում են նվազեցնել վարկի տոկոսադրույքը։

«Կարծում ենք, որ մեր աշխատանքի շնորհիվ, մեր ցուցանիշների շնորհիվ մենք կկարողանանք սպասարկել վարկն, ինչպես նաև բանակցություններ կվարենք բանկի հետ, որպեսզի վերակառուցենք նման վարկային պարտավորությունը։ Այսինքն՝ կփորձենք տոկոսները նվազեցնել», - ասաց Ղազարյանը։

«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Ալավերդու պղնձաձուլարանը ևս նույն պարտքի դիմաց գրավադրված է ՎՏԲ բանկում։ Արդեն ութ ամիս գործարանը չի աշխատում։ 500 աշխատողները հարկադիր պարապուրդում են։

Աշխատավարձի երկու երրորդով վճարվող աշխատակիցներին հայտնի է դարձել, որ նրանցից 200-ն այսօրվանից կազատվեն աշխատանքից։ Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG