Անթույլատրելի է Միութենական պետությանն անդամակցելու մասին դիսկուրսը բերել հայաստանյան քաղաքական օրակարգ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ շեշտելով Հայաստանը նախևառաջ անկախ, ինքնիշխան պետություն է և դա ամրագրված է Սահմանադրությամբ։
Այսօրվա մարտահրավերները հնարավոր է լուծել միայն որպես անկախ պետություն՝ վստահեցրեց քաղաքական մեկնաբանը։
«Տարիներ առաջ Հայաստանը գործոն էր տարածաշրջանում, որովհետև ուներ բավականին նորմալ զինված ուժեր, տնտեսություն, տարածաշրջանում որոշակի դիրքեր, ուներ 42 հազար քառակուսի կիլոմետր փաստացի վերահսկվող տարածք։ Հիմա էդ ամեն ինչը կա՛մ չկա, կա՛մ խիստ նվազել է, միակ հաղթաթուղթը մեր մնացել է Հայաստանը որպես ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված պետություն, դա մեր միակ հաղթաթուղթն է», - ասաց Բաղդասարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի վերլուծությունները առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ․ ԱԳՆ խոսնակՆշելով, որ այնուամենայնիվ նման միտումներ տեսնում է՝ քաղաքական մեկնաբանը հույս հայտնեց, որ անգամ ամենածանր ճնշումների դեպքում Հայաստանի վարչապետը ոչ կասի։
«Եթե Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էդպիսի ճնշումներ լինեն, նա այնքան գոնե խելք կունենա, որ կասի՝ «էդ հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով», և ես լիահույս եմ, որ մեր հասարակությունն, իհարկե, կասի՝ «ո՛չ, մենք մեր անկախությունը պահպանում ենք մինչև վերջ», - ասաց Բաղդասարյանը՝ շեշտելով․ - «Եթե Նիկոլ Փաշինյանը այդ ոչ-ը չասի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոտքի կելնի և Նիկոլ Փաշինյանին կասի՝ ոչ, որովհետև կան հարցեր, որտեղ արդեն զիջումներն անթույլատրելի են, արդեն անկախ պետականության ապագան է վտանգվում, դա կարծում եմ, որ այն կարմիր գիծն է, որ նույնիսկ ամենամոլի նիկոլականները կհասկանան, որ այ դա արդեն վերջնական կործանում է»։
Բաղդասարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․