Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է անհապաղ ներողություն պահանջի Լուկաշենկոյից ՀԱՊԿ, ԵԱՏՄ հանդիպումներում․ Սաքունց


Հայաստանը պետք է անհապաղ ներողություն պահանջի Լուկաշենկոյից ՀԱՊԿ, ԵԱՏՄ հանդիպումների ժամանակ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը։

Սաքունցի կարծիքով՝ Հայաստանը նաև անդամ պետություններից պետք է գնահատական պահանջի:

Բելառուսի նախագահը հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին օրերս տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է», - ասել է Լուկաշենկոն։

Արձագանքելով Լուկաշենկոյին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», ապա Հայաստանում Բելառուսի դեսպանը կանչվեց արտգործնախարարություն։ Երեկ էլ Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց՝ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա։

Սաքունցը Հայաստանի պատասխանները բավարար չի համարում՝ շեշտելով՝ նման որակի գնահատումը կամ վերաբերմունքը պահանջում էր բոլորովին այլ բնույթի և այլ որակի հակադարձում, ինչպիսին, օրինակ, բողոքի նոտայի հղում և Լուկաշենկոյի մուտքի արգելքի սահմանում։

«Ընդհանրապես հայտնելու, որ նա այլևս ոտք չի դնելու Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչո՞ւ համար, որովհետև, եթե դու Հայաստանի Հանրապետությունը որակում ես, որ «ոչ մեկին պետք չի», «ինչ-որ պետություն» և «ո՞ւր ունի գնալու և ըստ էության միակ տարբերակն այդ Միութենական պետությանը միանալն է», ապա այդ դեպքում ի՞նչ ունես անելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ուրեմ նշանակում է, որ դու դիտարկում ես Հայաստանի Հանրապետությունը որպես ոչինչ չարժեցող, էդ դեպքում նշանակում է՝ ոչինչ չարժեցող դիրքորոշում ունեցողի մուտքը Հայաստան, դա կընկալվի, որ համաձայնվում ենք, և, էս առումով, Հայաստանի իշխանության վերաբերմունքն առնվազն պետք է լիներ այնպես, որ դրան հետևեր Լուկաշենկոյի առնվազն ներողությունը», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը նաև համաձայն չէ արտգործնախարարության այն պարզաբանման հետ, թե Լուկաշենկոն դա ասել է իր ներքին լսարանի համար։

«Հայաստանի Հնարապետության ինքնիշխանությունը և Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանքը որևէ պետության ներքին խոհանոցի կամ ներքին քննարկման թեմա չի կարող լինել առավել ևս նման հարցերը։ Այնպես որ, նման արդարացումը, կամ նման հիմնավորումը՝ դրանով նաև փորձել փրկել իրավիճակը, դա անտեղին է, նույնիսկ կարող եմ ասել՝ վիրավորական է, որովհետև դա նույն տրամաբանության շարունակությունն է։ Նրա շուրթերով ավելի շուտ արտահայտվում է Պուտինի վերաբերմունքը», - ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG