Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախությունը սակարկության չպետք է դնել․ քաղաքագետներ


Ցանկացած վերազգային կազմակերպության անդամակցությունը, եթե բերելու է Հայաստանի որպես միջազգային իրավունքի սուբյեկտի գոյության դադարեցմանը, դրան պետք է դիմադրել մինչև վերջ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անել, եթե Ռուսաստանը պարտադրի անդամագրվել Միութենական պետությանը։

Ցանկացած պետություն պետք է նվազագույն ինչ-որ կարմիր գիծ ունենա, ասաց քաղաքագետը՝ նկատելով՝ «առանց այդ էլ Արցախում կարելի է ասել բոլոր կարմիր գծերից հրաժարվեցինք»։

«Այսինքն՝ ֆորմալ առումով, եթե մենք այլևս չենք լինելու ՄԱԿ-ի անդամ, չենք լինելու միջազգային կազմակերպությունների անդամ, լավ ավելի պարզ ասեմ, եթե դառնալու ենք մոտավորապես այնպիսի միավոր, ինչպիսին Թաթարստանի Հանրապետությունն է ներկայիս Ռուսաստանի Դաշնության կազմում, ապա, իմ խորին համոզմամբ, դա այն կարմիր գիծն է, որը հատել պետք չի որևէ դեպքում», - ասաց Պողոսյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում համաձայնեց՝ անկախությունը սակարկության չպետք է դնել։

«Ասենք՝ Ռուսաստանն ասում է՝ «հայեր, ես ճանաչում եմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եկեք մի քիչ մեզ աջակցեք»։ Գիտեք, էդ դեպքում ես կսկսեի քննարկել։ Այսինքն՝ Ռուսաստանը կողմնորոշվեց, համարում է, որ Լեռնային Ղարաբաղին պետք է տալ անկախություն, ոնց Ռուսաստանը տվեց Դոնեցկին, Լուգանսկին, որոնք ընդհանրապես հիմքեր չունեին, մենք հիմքեր ունենք, եթե տա Ռուսաստանը, այո, անկախությունից չենք հրաժարվում, բայց այնուամենայնիվ սկսեինք ինչ-որ քննարկել։ Բայց Ռուսաստանը ոչ մի բան չի տալիս, ավելին՝ ես տեսնում եմ, որ իրենք համարում են, որ մենք գործոն չենք, ավելի շատ սակարկում են Ադրբեջանի հետ Ղարաբաղի կոնտեքստով, ուրեմն ոչ մի հետաքրքրություն մենք չունենք», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ դիմադրելու համար ներքին քաղաքական ուժերի համախմբումն է հարկավոր։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է», - ասաց Բելառուսի նախագահը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հակադարձեց՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա, «Հայաստանն ինքնիշխան պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG