Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, որ վերջերս վաճառվել էր հինգ միլիոն դոլարով, կրկին դրվել է կալանքի տակ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) ստուգել վաճառքի գործարքը և պարզել՝ ինչպե՞ս է քրեական գործով անցնող դղյակը հանվել կալանքից ու վաճառվել ընդամենը երկու շաբաթվա մեջ։
Բացի այդ, վարույթից հեռացվել է քննիչը, որը ճանապարհ էր հարթել առանձնատունը կալանքից հանելու համար։ Ավելի վաղ, Գլխավոր դատախազը հրապարակավ մեղադրել էր Հակակոռուպցիոն կոմիտեին այս հարցում շտապ որոշումներ կայացնելու համար։
«Այժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, մեղավորները դա համար կենթարկվեն պատասխանատվության», - նշեց Դավթյանը:
Լրագրողի հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննի՞չն է մեղավոր, գլխավոր դատախազը պատասխանեց. «Դատարանն է այդպիսի որոշում կայացրել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի քրեական գործով բացահայտվել են ապօրինի կերպով հողատարածքներ վաճառելու դեպքերԳլխավոր դատախազության հաղորդագրությունը, սակայն, չի պատասխանում մի քանի հարցերի։ Նախ, ինչո՞ւ մինչև հիմա՝ վաճառքից ավելի քան մեկ ամիս անց, կալանք չի դրվել հինգ միլիոն դոլարի վրա, որը Աբրահամյանները ստացել էին առանձնատան վաճառքի դիմաց։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս ուղղությամբ դեռ միջոցներ են ձեռնարկում։ Մինչ այդ, նախկին վարչապետը անարգել կարող է այդ գումարը օգտագործել։ Երկրորդ, ի՞նչ է փոխելու առանձնատունը կրկին կալանքի տակ առնելու՝ դատախազության որոշումը։ Փաստացի, դա նշանակում է, որ նոր սեփականատերը չի կարող այն վաճառել կամ նվիրել, բայց, որպեսզի այն վերադարձվի պետությանը, իրավապահները դեռ պետք է ապացուցեն, որ նախկին վարչապետը չարաշահել է լիազորությունները։
Այդ գործը քննվում է արդեն երեքուկես տարի, սակայն, մինչև հիմա ուրվագծված չէ անգամ մեղադրյալների շրջանակը։
«ԱԱԾ-ում գործ է չէ՞ հարուցված, հիմա մենք կտեսնենք դատախազության կամքը՝ իրականում այդ հարուցված գործի նպատակն իրավական վերջնարդյունք ունենա՞լն է, թե դարձյալ ցուցադրական, ձևական գործընթաց սկսելը, որով կքողարկվի իրական այդ գործընթացի բովանդակությունը՝ հանել գույքը կալանքից և ըստ էության իրականացնել փաստացի վաճառք, թե՞ ձևական վաճառք ես չեմ կարող ասել», - նշեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:
Նա նաև հարց է բարձրացնում՝ արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, որը հիմա հեռացվել է վարույթից, գործե՞լ է ինքնուրույն՝ առանց վերադասի հետ խորհրդակցելու։ Հատկապես Աբրահամյանների դեպքում միամտություն կլիներ այդպես կարծել, ասում է փորձագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի տներ են կառուցել«Պետք է առավելապես փնտրել երևի քաղաքական համատեքստ, որ քաղաքական վերին էշելոնում կայացված որոշումը իրավական համակարգով փորձում են բերել այն դաշտ, որ հետագայում, օրինակ, վարույթ կարճվի և դրանով, ըստ էության կփակվի այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ այդ գույքը կալանքից հանվեց, հետո վաճառվեց և այլն: Այսինքն այս պահի դրությամբ մեր ընդհանուր խնդիրը հետևյալն է՝ պարզել իրականում քաղաքական կոնտեքստում ինչ է տեղի ունեցել: Եթե դատախազությունը տրամադրված է, որ տեղի է ունեցել իրավախախտում ու հնարավորություն ունի ցուցումներ տալով ուղղորդել քրեական գործի ընթացքը, չեմ կարծում, որ հնարավոր չլինի բացահայտել իրականում ինչ է տեղի ունեցել, այդ թվում՝ գույքի ձեռքբերման ծագումնաբանության հետ կապված», - ընդգծեց Մարտիրոսյանը:
Իրավապահները դեռ 2018-ից՝ հեղափոխությունից հետո քննում են, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ու զինվորականները իրար մեջ բաժանել «Հաղթանակի» զբոսայգին ու ինչ միջոցներով են այնտեղ թանկարժեք տներ կառուցել։
Հանգստի համար նախատեսված տարածքը 2000-ականներից վերածվել է ընտրյալների թաղամասի․ Հովիկ Աբրահամյանից բացի, այստեղ իրենց շքեղ առանձնատներն էին կառուցել Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ու տասնյակ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ։ Նրանցից որևէ մեկին, սակայն, առայժմ մեղադրանք չի առաջադրվել, և դատարանի որոշմամբ որևէ մեկի գույքը մինչ օրս պետությանը չի վերադարձվել։