Երևանը շահագրգռված է Թբիլիսիի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ

Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։

Պապուաշվիլին այսօր է ժամանել Հայաստան՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել են «Արցախում ճգնաժամ առաջացնելուն ուղղված Ադրբեջանի գործողությունները». ԱԳՆ

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Մարտի վերջին Թբիլիսիում էր Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանին ընդունել էին նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին, ապա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Պաշտոնյաները հանդիպման օրակարգում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը վրաց պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր