Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին այսօր ընդունել են պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները:
Սուրեն Պապիկյանն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր, փոխանցում են ՊՆ-ից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Արարատ Միրզոյանը նրան է ներկայացրել արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։
Արտգործնախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։
ԱԳՆ-ի հաղորդմամբ` կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։