Ընդդիմադիրները հակասահմանադրական են համարում վարչապետին Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն տվող օրենքը։
Ձևավորված, բայց այդպես էլ գործունեություն չծավալած ավագանին այս փոփոխությամբ զրկվում է համայնքի ղեկավար ընտրելու իր հնարավորությունց, հետագայում նաև՝ ավագանու մանդատներից, ասում է ավագանու ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը. - «Էս մարդիկ ինչի՞ համար որոշեցինք Ազգային ժողովով նման օրենք ունենալ։ Որպեսզի իրենց սրտի ուզած մարդուն դնեն համայնքի ղեկավար։ Սա ենթադրում է, ըստ օրենքի կետերի, ավագանին ցրվի, որից հետո կազմակերպվի նոր ընտրություններ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե պատերազմ է սկսում, Վանաձորում պիտի ՏԻՄ չլինի՞. ԱԺ նախագահԱնցած շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստում հրատապ ռեժիմով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որպեսզի ըստ էության հանգուցալուծվի արդեն չորս ամիս ղեկավար չունեցող Վանաձորում ստեղծված իրավիճակը։ Համայնքի կենսական խնդիրները լուծելու հնարավորություններն այս պահին սահմանափակված են, աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ իրականացնող ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետներն արդեն ավարտվել են։ Իսկ առանց համայնքի ղեկավարի այդ հարցերը մնում են օդից կախված։
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրումից տասն օր անց, նախագահը դեռ չի ստորագրել այն։ Փոխված օրենքը վարչապետին լիազորություն է տալիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ավագանին նիստ չգումարի կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը դեռ հավանական թեկնածուների անուններ չի հրապարակում, բայց նշում է, որ առնվազն մինչև ամառ վարչապետի նշանակած պաշտոնակատարը կղեկավարի համայնքը լիարժեք իրավունքներով. - «Ժամանակավոր պաշտոնակատարը բոլոր իրավունքները ունի, ինչ ընտրված քաղաքապետը, բացի կառուցվածքային փոփոխությունից։ Այսինքն՝ եթե մենք ունենանք ժամանակավոր պաշտոնակատար, այդ մրցույթները, գնումները և մնացած գործառույթները ինքը կարող է իրականացնել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ․ դատարանը նիստ գումարելու և համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնելու արգելք է սահմանելՎարչական դատարանը դեռ երեք ամիս առաջ արգելանք է սահմանել, որով Վանաձորի ավագանին իրավունք չունի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարել, քանի դեռ «Լուսավոր Հայաստանը» դատարաններում վիճարկում է ընտրությունների արդյունքները։ Այս ամիսներին որևէ դատական նիստ չի եղել։ Վարչական դատարանն արգելանքի հարցը քննելու մասին հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 20-ին։
Ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ եթե հնարավոր էր մեկ օրում խորհրդարանում արտահերթ նիստ գումարել Վանաձորում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միտումով, ինչո՞ւ դատարաններն արագացված ընթացակարգով չեն անդրադառնում այս խնդրին, ինչո՞ւ արագ որոշումներ չեն կայացնում։
Ընդդիմադիր Վահե Դոխոյանն ասում է. - «Ոչինչ չի խանգարում, որ ոչ թե էդ ամեն ինչը բարդ... Ազգային ժողովով անցկացնեն, հատուկ օրենքներ ստեղծեն, որը հետագայում կարող է խնդիր հանդիսանալ հենց իրենց համար, երբ նույնիսկ մի օր լինեն ընդդիմություն և այլն, և այլն։ Ընդամենը պիտի դատարանին ասեն՝ հանի արգելանքը, կա ընտրված ավագանի։ Հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում, որ թույլ չեն տալիս, կամ չեն հուշում դատարանին, ոնց որ միշտ հուշում են... Թույլ տան նիստ գումարել և արդյունքում ընտրվի քաղաքապետ»։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այժմ կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը 15 մանդատ ստացավ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 9-ը, նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորած ուժը՝ 5, և «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ երկուական մանդատ։ Ավագանի անցած 5 քաղաքական ուժերից որևէ մեկը չկարողացավ մեծամասնություն ունենալ ավագանիում։
Ամենաշատ ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը տեղական ընտրություններից հետո կալանավորվեց համայնքի ղեկավար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու մեղադրանքով։
«Հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ կսատարի Ասլանյանի թեկնածությունը համայնքի ղեկավարի ընտրություններում, բայց կալանավորված նախկին համայնքապետի մեկ ձայնն անգամ որոշիչ է. եթե, օրինակ, այսօր ավագանին համայնքի ղեկավարի ընտրության հարցով քվեարկություն անցկացնի, երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները չեն բավարարի հաղթանակ տանելու համար։ Մյուս խմբակցությունները չեն հայտարարել, որ միավորվում են թեկնածուի հարցում, ու եթե անգամ միավորվեն, նրանք ևս չեն կարող մեծամասնություն կազմել և քաղաքապետ ընտրել։