«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանից շատ լավ ուղերձներ ենք ստանում և հուսով ենք, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ այս հարցը ավելի հստակ կդառնա», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ:
«Հուսով եմ՝ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում է կայացել, և մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում, հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը: Ադրբեջանը ներկայացրել է այդ պայմանագրի հիմնական սկզբունքները», - նշել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն ԲրյուսելումԱդրբեջանի նախագահը հաստատել է, որ ապրիլի 6-ին կայանալու է իր հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալիևը նաև պնդել է, թե Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, հիմա եկել է խաղաղության ժամանակը: Նա շատ լավ նորություն է համարել Բաքվի առաջարկների՝ Երևանի համար ընդունելի լինելու հանգամանքը:
«Հակամարտությունն արդեն կարգավորված է։ Ադրբեջանն ինքն է դա արել, և այժմ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։ Մենք որոշակի ուղերձներ ենք ստանում Հայաստանի պաշտոնական անձանցից։ Ինչպես ինձ վերջերս հայտնել են, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկները։ Դա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այդ հարցում հստակություն կլինի Բրյուսելյան հանդիպմանը», ընդգծել է Իլհամ Ալիևը։
Ալիևը նաև վստահեցրել է, որ Երևանին ներկայացրած հինգ սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, որոնք երկրների միջև միջպետական հարաբերություններին են պայմանավորում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ«Ինչպես ասում են, մենք հեծանիվ չենք հայտնագործում: Այդ սկզբունքները ցանկացած երկրների միջև միջպետական հարաբերությունների հիմքն են հանդիսանում: Այդ սկզբունքներից են տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչումը, այնուհետև սահմանազատումը: Կարծում եմ, որ այդ հիմքի վրա Կովկասում խաղաղություն կհաստատվի։ Մենք դա ուզում ենք», - ասել է նա:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի երեք երկրների միջև ակտիվ համագործակցության ներուժ են տեսնում և կարծում է, որ այդ հեռանկարը կարևոր է ոչ միայն այդ երկրների համար:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն այս օրերին Հարավային Կովկասում է: Նախ նա եղել էր Թբիլիսիում, այնուհետև մեկնել Բաքու, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ և արտգործնախարարի հետ: Սպասվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը այսօր կժամանի Երևան: