Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, Թվիթերում գրել է Շառլ Միշելի խոսնակը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է, որ առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։
Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։
Եվրամիության դիվանագիտական ծառայության հաղորդագրության համաձայն՝ առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերն են քննարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մարտի 30-ին Բրյուսելում։ Հայ և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցել են Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականըՀայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։
Անցած շաբաթ, սակայն, երբ Ադրբեջանը կրկին ընդհատեց Ղարաբաղի գազամատակարարումը, զինված ուժերն էլ, հրադադարի կոպիտ խախտումներով, առաջխաղացման գնացին Փառուխ գյուղի հատվածում, Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց՝ Բաքուն ամեն ինչ անում է «արցախահայերի կյանքն իրենց հայրենիքում անհնար դարձնելու, էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»։
«Վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ուղղակի փակել է գազի փականը, նպատակն է՝ անհնար դարձնել արցախցիների կյանքը սեփական հայրենիքում. Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում կատարվողի առնչությամբ Հայաստանը դիմել է միջազգային դատական ատյաններին