Ինչո՞ւ ժամանակին որոշումներ չեն ընդունվել, ինչո՞ւ սահմանը ամբողջությամբ փակ չէ, ինչո՞ւ ապահովված չէ խաղաղ բնակչության անվտանգային միջավայրը։ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Արցախում վերջին օրերի լարմանը, այս հարցերն է բարձրաձայնում ու պնդում՝ իշխանությունները ձեռնարկած քայլերն անընդունելի են։
Օհանյանը կարծում է՝ այստեղ խնդիրը միայն Ասկերանի շրջանի մեկ-երկու գյուղերը կամ որևէ բարձունք չէ, այլ արցախցիների վրա շարունակական ճնշում գործադրելու Ադրբեջանի քաղաքականությունը. «Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները՝ Պաշտպանության բանակն ինչ խնդիր է իրականցնում, խաղաղապահ ուժերն ինչ խնդիրներ են իրականացնում, և բոլոր բաց տեղերը, բոլոր ճեղքերը պետք է փակվեն: Հայկական բանակը, Պաշտպանության բանակը ունեն բոլոր հնարավորությունները, կարողությունները արագ որոշումներ ընդունելու, արագ զինված ուժերը համալրելու և սահմանում նորմալ իրավիճակ ստեղծելու: Դա նշանակում է՝ կա՛մ նրանցից չեն պահանջում, կա՛մ ռեալ, հստակ հրամաններ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից չեն ստացել»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հակադարձում է՝ բանակի բարեփոխման աշխատանքները ամենօրյա ռեժիմով են կատարվում, բայց այդ մասին բարձրաձայն խոսելը իշխող ուժը ճիշտ չի համարում, հայտնի՝ «մեզ միայն երկրի ներսում չէ, որ լսում են» հիմնավորմամբ:
«Պատերազմի հենց հաջորդ օրվանից լուրջ ռազմավարություններ են մշակվում, բանակի վերակազմավորման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում, որոնց մասին մենք, այո, շատ չենք խոսում և չենք էլ խոսելու», - ասաց Հովհաննիսյանը:
Ասկերանի շրջանում իրադրությունը կտրուկ սրվեց մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխ գյուղի ուղղությամբ։ Երևանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տեղեկությունները, թե ռուս խաղաղապահների միջնորդությամբ են այդ հատվածից հետ քաշվել հայկական դիրքերը, ինչը հայելային պետք է աներ նաև Ադրբեջանը, բայց պայմանավորվածությունը պահելու փոխարեն առաջացել է ու զբաղեցրել հայկական դիրքեր։
Իշխող խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը, որ ղեկավարում է արտաքին հարաբերությունները հանձնաժողովը, անգամ Ադրբեջանի և ռուս խաղաղապահների միջև հանցավոր պայմանավորվածության վերաբերյալ կասկածների մասին խոսեց։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը, հղում անելով արտաքին գերատեսչությանը, հույս հայտնեց, որ հարցը պատշաճ քննության առարկա կդառնա:
«Այս պահին զերծ կմնամ մեկնաբանություն տալուց ու կարծիք հայտնելուց, քանի որ այդ պատշաճ քննությունը դեռևս իր ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում ու, բնականաբար, առաջին հերթին հենց այնտեղ կանգնած զորախմբերի գործողությունների մասին են մեր դիտարկումները», - նշեց Աղաջանյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավարը խնդրահարույց է համարում նաև անցած շաբաթ վարչապետ Փաշինյանի փոխանցած տեղեկությունը այն մասին, որ հայկական կողմը նույն հայելային տրամաբանությամբ հետքաշվելու պատրաստակամություն է հայտնել նաև Արարատի մարզի Երասխի ուղղությամբ։ Այդ ամենը պետք է դիտարկել սահմանագծման ու սահմանազատման մեծ գործընթացում, հակառակ դեպքում դա միայն մեծ ռիսկեր կառաջացնի, վստահ է պաշտպանության նախկին նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված. հայկական կողմը 3 զոհ, 14 վիրավոր ունի«Մենք նորից այդ տարածքներում հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ որ Փառուխում է տիրում: 100 տոկոսով և մի քիչ էլ ավելին համոզված չլինելով, որ նրանք հետ կքաշվեն, որևիցե այդպիսի քայլի չպետք է գնային», - նշեց նա:
Հարցին՝ անկախ նրանից, որ ռուսական կո՞ղմն է այդպիսի առաջարկությամբ հանդես եկել, Օհանյանը պատասխանեց. «Նախ պետք է իրենցից հարցնել, ես տեղյակ չեմ այդ առաջարկություններից, բայց պետք է հետ քաշվելուց նույնիսկ պահպանես քո այն կարողությունները՝ արագ կերպով նորից հակառակ գործողություններ անել և գնալ նորից մեր սկզբնական դիրքերում նստել»:
Օհանյանը իշխանություններին հորդորում է միամտություն չցուցաբերել և սպասել, որ Ադրբեջանը հակառակորդից կդառնա հարևան երկիր: Իշխող ուժից շարունակում են հնչել պնդումներ, որ խաղաղության դարաշրջանին այլընտրանք չկա, բայց և հավելում են՝ Ադրբեջանը իր քայլերով փորձում է խոչընդոտել դրան։