ԱԱԾ կապիտանը սպառնացել է խաղաղ հավաքի մասնակիցների տվյալները փոխանցել Երևանում Ռուսաստանի դեսպանատուն

ԱԱԾ ներկայացուցիչը լուսանկարում է բողոքի ցույցի մասնակիցների անձնագրերը։ 25-ը մարտի, 2022

ԱԱԾ ու Ոստիկանության աշխատակիցները սպառնացել և հայաստանյան օրենսդրության մասին սխալ տեղեկատվություն են ներկայացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց խաղաղ հավաք անող մոտ մեկ տասնյակ՝ հիմնականում սլավոնական արտաքինով մարդկանց՝ փաստորեն հարկադրելով նրանց դադարեցնել հավաքն ու հեռանալ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Epress.Am-ի հրապարակած տեսանյությում, օրինակ, երևում է, որ նախորդ ուրբաթ տեղի ունեցած և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչ անող հավաքի ժամանակ ինչպես է ԱԱԾ կապիտանը պահանջում մասնակիցներից հեռանալ Ռուսաստանի դեսպանատան անգամ դիմացի այգու մայթից՝ պատճառաբանելով, որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն և սպառնալով նրանց անձնագրերի լուսանկարները փոխանցել Ռուսաստանի դեսպանատուն։ Մինչ այդ նշված սպան ինքն էր հեռախոսով նկարահանել անձնագրերը։

Քրիստինե Գրիգորյան

Քրիստինե Գրիգորյանը խոսքով, իրենք անմիջապես ուսումնասիրություն են սկսել ու կապվել ԱԱԾ ու Ոստիկանության հետ. - «Ոստիկանության ծառայողը միանշանակ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունի կատարել անձի նույնակացման, կամ եթե հատուկ պահպանվող տարածքի պերիմետրի պահպանման... այսինքն ոստիկանական գործառույթի իրականացման համար ունի բոլոր լիազորությունները՝ ամրագրված «Ոստիկանության մասին» օրենքում և մեր օրենսդրությամբ։ Այլ բան է, որ նշված տեսանյութում մեր առաջին հետևությունները, դեռևս ուսումնասիրվող առաջին հետևությունը այն է, որ ոստիկանության ծառայողների և ԱԱԾ-ի ծառայողների կողմից սխալ տեղեկատվություն առաջին հերթին տրվել հավաքի մասնակիցներին օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և Հայաստանի վավերացրած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն, հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության, այլ ոչ թե բացառապես Հայաստանի քաղաքացիները։

Դեռ ավելին, ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի, մարդիկ կարող են հանրային հավաք անցկացնել առանց լիազոր մարմին գրավոր իրազեկման՝ եթե մասնակիցների թիվը չի գերազանցում հարյուրը։

Գրիգորյանը խուսափեց գնահատական տալ՝ արդյո՞ք խախտվել է հայաստանյան օրենսդրությունը՝ պատճառաբանելով, թե նման գնահատականի համարի հարկ է սպասել ուսումնասիրության ավարտին։ Սակայն հավելեց՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է հետևություններ անեն կարգապահական պատասխանատվության և ընդհանրապես քաղաքականության մշակման առումով. - «Առերևույթ մենք էլ ենք տեսել որոշակի խնդիրներ՝ այդ թվում նաև տեսանկարահանելու, այդ թվում նաև սպառնալիքի, այդ թվում նաև օրենքի սխալ ներկայացման տեղեկատվության։ Այսինքն՝ բոլոր այս հարցերի վերաբերյալ պիտի ստանանք արձագանքներ, ուսումնասիրենք՝ հետևության գալու համար, թե արդյոք եղել է խախտում, թե չի եղել խախտում, և արդյոք որո՞նք էին այդ խախտումները և ինչպե՞ս պետք է դրանք հաղթահարել»։

ԱԱԾ կապիտանը սպառնում է խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերի լուսանկարները փոխանցել Երևանում Ռուսաստանի դեսպանատուն

ԱԱԾ լրատվական ծառայությունը օրվա ընթացքում անապատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։ Գրավոր հարցմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ի թիվս այլնի, խնդրել ենք արձագանքել, թե ծառայության կապիտանը ինչու էր սպառնում խաղաղ հավաքի մասնակիցների ու նրանց անձնագրերի լուսանկարները փոխանցել օտար պետության՝ Ռուսաստանի դեսպանատուն, ինչպես երևում, լսվում է տեսանյութում։

Ոստիկանի խոսքով՝ խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերը լուսանկարահանում է «իր համար»

Ոստիկանության ներկայացուցիչը սպառնում է բերման ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին՝ եթե նրանք ցույց չտան նկարահանել անձնագրերը, որից հետո նկարահանում է առնվազն մեկի անձնագիրը՝ նշելով, թե դա անում է «զուտ իր համար»։

ԱԱԾ ու Ոստիկանություն ուղարկած գրավոր հարցումներին դեռ չեն պատասխանել։

«Լռել չի կարելի»

Ռուսաստանի դեսպանատան մոտ նախորդ շաբաթ տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից Մարիան, ով կատարվածից հետո չցանկացավ բաց դեմքով տեսախցիկի առջև հանդես գալ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հավաքի մասնակիցներին ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցը սպառնացել են արտաքսել երկրից, թեև Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց վիզայի, անգամ իրենց ներքին անձնագրերով։

Մարիան վստահ չէր՝ արդյո՞ք ԱԱԾ կամ ոստիկանության աշխատակիցները չեն փոխանցել իրենց անձնագրերի լուսանկարները Ռուսաստանի դեսպանատուն. - «Անկեղծ ասած, այլևս որևէ պաստառով չեմ մոտենա Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքին, կամ հավաքի չեմ մասնակցի Հանրապետության հրապարակում, սակայն ծրագրում եմ մասնակցել այլ վայրերում... ասում են Ազատության հրապարակում է ազատ, Տարաս Շեվչենկոյի հուշարձանի մոտ է կարելի հավաքվել։ Օրինակ, երեկ այնտեղ էինք՝ Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուիցչների և կարեկցողների հետ։ Այսինքն, կարծում եմ՝ լռել չի կարելի, սակայն վստահ չես զգում քեզ, քանի որ ժամանակավոր կեցության կարգավիճակ չկա, ցանկացած պահի կարող են արտաքսել Ռուսաստան, ինչը ընդհանրապես ցանկալի չէ»։

«Սա նշանակում է, որ ԱԱԾ-ի աշխատակիցը հանդիսանում է ФСБ-ի աշխատակիցը»

Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ԱԱԾ ու Ոստիկանության աշխատակիցները կոպտորեն խախտել են Հայաստանի Սահմանադրություն ու օրենքները, մարդու հիմնարար իարվունքները. - «Սա նշանակում է, որ ԱԱԾ աշխատակիցը ФСБ-ի աշխատակիցը, արտահաստիքային կամ հաստիքային՝ չգիտեմ։ Եվ դա ավելի շուտ նաև հանցավոր գործողություն է, որովհետև շատ լավ գիտակցելով, որ այդ մարդիկ հետապնդումներից խուսափելու և թաքնվելու նպատակով են ժամանել Հայաստան՝ ինքը հանդես է գալիս այն դիրքից, որ նաև կարող են այդ Հայաստանում ապաստանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հետապնդվել Հայաստանում նաև ФСБ-ի կողմից»։

Գիտական աշխատանքով զբաղվող Մարիան, ով ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո, փոխանցեց, որ առայժմ չեն պատրաստվում հեռանալ երկրից, մտադիր են ապրել ու աշխատել Հայաստանում։