Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների զգալի մասը դեմ է պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը․ Օվսյաննիկովա


Ռուսաստանցիների զգալի մասը դեմ է պատերազմ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշմանը, ամերիկյան ABC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի խմբագիրը, որն ուղիղ եթերում, լուրերի թողարկման ժամանակ, իր բողոքն էր հայտնել Կրեմլի՝ Ուկրաինա ներխուժման դեմ։

«Դա Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուս ժողովրդի», - ասել է Մարինա Օվսյաննիկովան։

Խմբագիրը մարտի 14-ին Առաջին ալիքով հեռարձակվող «Վրեմյա» լրատվական ծրագրի ընթացքում անսպասելիորեն հայտնվել էր հաղորդավարուհու ֆոնին` ձեռքում պահելով «Ո՛չ պատերազմին» գրությամբ պաստառ, վանկարկելով հակապատերազմական կարգախոսներ: Դրվագը տևել է մի քանի վայրկյան:

Ակցիայից անմիջապես հետո Օվսյաննիկովան բերման ենթարկվեց, և երկար ժամանակ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի Օստանկինո շրջանի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է Օվսյաննիկովային՝ անօրինական ցույցեր կազմակերպելու կոչերի համար և ազատ արձակել․ ակցիայից առաջ նա տեսագրված տեսանյութ էր տարածել, որում ռուսաստանցիներին կոչ էր անում չվախենալ և դուրս գալ բողոքի ակցիաների։

XS
SM
MD
LG