Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանում 5 հազար մարդ է ձերբակալվել Պուտինի նախաձեռնած «ռազմական գործողությանն» ընդդիմանալու համար։
«Կոմերսանտն» այսօր գրել է, թե Սանկտ Պետերբուրգի համալսարանում պատրաստվում են բուհից դուրս թողնել այն ուսանողներին, որոնք փողոց են դուրս եկել։ Շատերին սպառնում են ավելի խիստ պատիժներ՝ խոշոր դրամական տուգանքներից մինչև ազատազրկում։ Մինչ այդ ակտիվիստները բռնության են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներում։
Համացանցում ու ռուսական Տելեգրամ ալիքներում տարածված մի ձայնագրության մեջ թեև ոչ շատ պարզ, բայց լսվում է, թե ինչպես են ոստիկանները բաժանմունք տանում Ալեքսանդրա Կալուժսկիխին․ ոստիկանություն ոտք դնելուց 52 վայրկյան անց արդեն լսվում է առաջին հարվածի ձայնը․ ոստիկանները երիտասարդ կնոջը ստիպում են ինչ-որ բաներ հիշել։
Ըստ իրավապաշտպանների, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Բռատեևո շրջանի ոստիկանական բաժանմունքում։ Առաջին հարցերը սովորական են՝ անուն-ազգանուն, տան հասցե, ուսման վայր, հետո արդեն ոստիկանները պահանջում են, որ 26-ամյա ակտիվիստը բացատրի, թե որտեղից է լսել հակապատերազմական ցույցերի մասին։ Կալուժսկիխը ի պատասխան մեջբերել է Ռուսաստանի Սահմանադրության այն դրույթը, ըստ որի ինքն իր դեմ պարտավոր չէ ցուցմունք տալ։
Մոտ 11-րոպեանոց ձայնագրության մեջ կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության, հարվածների ձայներ բազմիցս են լսվում, դրանք ընդմիջվում են հայհոյանքներով։ Մի պահ լսվում է, թե ինչպես է սպան ծաղրում կնոջը, իսկ երբ Կալուժսկիխը ուղիղ հարց է տալիս այս մասին, պատասխանը չի ուշանում. - «Այո, ես քեզ սպառնում եմ, ես քեզ սպառնում եմ ֆիզիկական հաշվեհարդարով։ Պուտինը մեր կողմից է։ Դուք Ռուսաստանի թշնամին եք, դուք ժողովրդի թշնամին եք»։
Պարզ չէ, թե որքան է Կալուժսկիխը դիմացել այս հարցաքննությանն ու բռնություններին։ Ձայնագրության մեջ մի պահ նա ասում է՝ մենք այստեղ ենք 3 ժամից ավելի։ Ձայնագրությունն ավարտվում է կոտրված հեռախոսի մասին խոսակցությունից հետո, այնուհետև լսվում են շարժումների խուլ ձայներ և կնոջ լաց։
Ավելի ուշ տելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում Կալուժսկիխը մանրամասնել է, թե ինչ է կատարվել. - «Նրանք ոտքով խփեցին, ապտակեցին ինձ, ջուր լցրեցին վրաս, պատռեցին դիմակս, հեռախոսը ձեռքիցս խլեցին, երկու անգամ շպրտեցին պատին։ Վերջում նրանք վերցրին հեռախոսը, մաքրեցին մատնահետքերը, բռնեցին մազերիցս ու քաշքշում էին տարբեր ուղղություններով։ Այնտեղ երկու կին կային, որոնք պարզապես հետևում էին խոշտանգումներին»։
«Ազատությունը» դիմել է Մոսկվայի ոստիկանության գլխավոր վարչություն, հարցման պատասխանը դեռ չկա։
Այն, որ ռուսական ոստիկանական բաժանմունքներում ձերբակալվածների դեմ բռնություններ են գործադրվում, նորություն չէ։ Այդ մասին իրավապաշտպանները բազմաթիվ վկայություններ են հավաքագրել տարիների ընթացքում։
2019-ի բողոքի ցույցերից հետո արված մի տեսագրությունում երևում է, թե ինչպես են իրավապահները դաժան ծեծի ենթարկում անգամ այն մարդկանց, որոնք պնդում էին, թե ակցիայի հետ որևէ կապ չունեն և պատահաբար են հայտնվել այդ տեղանքում։
Իրավապաշտպան խմբերը տարիներ շարունակ հետևել են կալանավորների նկատմամբ բռնություններին և խոշտանգումներին ոչ միայն Ռուսաստանի ոստիկանության բաժանմունքներում, այլև բանտերում։ Անցյալ տարի, օրինակ, բանտարկյալներից մեկին հաջողվել էր կալանավայրից դուրս բերել ազատազրկվածների նկատմամբ բռնությունների բազմաթիվ տեսանյութեր։ Չնայած այս մասին առկա ապացույցներին, ըստ իավապաշտպանների, մեղավորները մինչև օրս մնացել են անպատիժ։