Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երեկ անցկացված ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 56.2 տոկոսով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժը` «Իմ հզոր համայնքը» ստացել է ձայների 41.5 տոկոսը:
Վեդիում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով. ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնքի» առաջին համարը Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանն էր:
Ընտրությունների մեկնարկից ժամեր անց «Քաղաքացիական պայմանագրի» աջակիցների ու մեկ ընդդիմադիրի միջև Ուրցաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուք եղավ. փոխադարձ հայհոյանքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու տասնյակից ավելի աջակիցներ հարձակվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու վրա: Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին` միջադեպով նյութեր են նախապատրաստվում:
Գլխավոր դատախազությունը հաղորդում է` Վեդի խորոշացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք, 6-ով նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատախազության` եղել են ընտրության գաղտնիությունը խախտելու դեպքում, երբ քվեարկության արդյունքները լուսանկարել են, տեղամասին հարող տարածքում վիճաբանության ու բռնություն կիրառելու դեպք է եղել, ընտրատեղամասերի մոտ կուտակումներ, կրկնաքվեարկություն և լրագրողի գործունեությանը խոչընդոտնելու դեպք:
«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթեց միայն երկրորդ փորձից հետո: Դեկտեմբերին Վեդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` 42.8 տոկոս ձայների քանակով: ՔՊ-ն երկրորդ տեղում էր` հավաքելով 38 տոկոս: Կայացած ընտրությունների արդյունքներով` ոչ մի ուժի չէր հաջղվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություն ևս չէր ձեռք բերվել: Արդյունքում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, հետևաբար պետք է անցկացվեին նոր ընտրություններ:
Մինչ այս ընտրությունները վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարումը հանձնվեց Գարիկ Սարգսյանին, ով հայտարարել էր, որ մասնակցելու է նաև ընտրություններին: Այս որոշումից հետո խորհրդարանական ընդդիմությունը բարձրաձայնեց անհավասար մրցակցային պայմանների մասին: