Վեդիի ընտրություններն ավելի կարևո՞ր են, քան Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերը։ Ինչո՞ւ էր պաշտպանության նախարարը մասնակցում Վեդիում իշխող կուսակցության քարոզչությանը։ Այս քննադատությունը զարմացրել է համայնքապետի իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին։
«Դատապարտելի ինչ-որ բան կա՞ դրա մեջ։ Ասեք՝ հասկանանք», - ասաց նա։
Սուրեն Պապիկյանի այցի մասին Ֆեյսբուքում լուսանկարներով պատմել էր իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանից հետո Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման նախարարի ու պատգամավորների հետ շտապել էր Վեդի։
«Այո, բոլորս էլ մտահոգված ենք, բոլորիս սիրտը ցավում է, որ սահմանին դեռևս հանգիստ չէ, բայց մարդը իր աշխատանքը իր մասով կատարում է շատ լավ, մյուս մասով էլ նաև կուսակցական շարքերին է ուշադրություն դարձնում», - նշեց Գարիկ Սարգսյանը։
Արարատի մարզի Վեդի համայնքում երկու օրից ավագանու ընտրություններ են։ Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են իշխող կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» դաշինքը։ Թեժ պայքար է։
Ըստ Գարիկ Սարգսյանի, նորմալ է, որ պաշտպանության նախարարը Վեդիում է, չէ՞ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Իսկ անվտանգության հարցերով, Սարգսյանի խոսքով, կա զինվորականություն. - «Դրա համար մենք ունենք Գլխավոր շտաբ։ Իսկ սա քաղաքական պաշտոն է։ Սուրեն Պապիկյանը, ինչպես գիտեք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, նա այստեղ ներկա չի եղել որպես պաշտպանության նախարար։ Մեր հանդիպումը սկսվել է ժամը յոթն անց կես»։
«Դա պրիմիտիվ, պարզունակ մտածողության արդյունք է... գնացել է ոչ աշխատանքային ժամի», - հակադարձում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Ալեքսանյանը, որ զբաղվում է բանակի խնդիրներով, ապշած է իշխանական թեկնածուի պատասխանից։ Տարակուսում է՝ ժամը վեցից հետո Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար չէ՞. - «Դա անսովոր է, որ մենք տեսնենք պաշտպանության նախարարը ընտրական գործընթացներին էդպես ակտիվ մասնակցություն ունի։ Ես տպավորություն ունեմ, որ փաստորեն Պապիկյանը դեռ ամբողջությամբ չի գիտակցել պաշտպանության նախարարի իր ստատուսը, կարգավիճակը։ Բա Արցա՞խը, բա էդքան զոհե՞րը, բա էդ մարդի՞կ, որ իրենց աչքի առաջ են... Չէ՞ որ չեն անցել դեռ պատերազմի հետևանքները»։
Վեդիի բնակիչների կարծիքները տարբեր են։
Վեդին մոտ է սահմանամերձ Երասխին, գուցե անվտանգության հարցերով էր Պապիկյանը շտապել մարզ, ենթադրում է Վեդիի բնակիչ Վանիկ Սարգսյանը. - «Ես զգացել եմ, որ ինքը բանակի հարցերով մտահոգված»։
Վեդեցի Ռեմբո ներկայացած բնակչի կարծիքով, պաշտպանության նախարարին այլ մտահոգություն էր բերել իրենց համայնք՝ այս ընտրապայքարում «Քաղաքացիական պայմանագրի» ճակատագիրը. - «Ինքը թող առաջինը մտածի Երասխավանից սկսած մինչև Սյունիք, էդ պաշտպանության մասին»։
Իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանն է։ Վեդիում ընտրապաքայրի երկրորդ փուլն է։ Առաջինը դեկտեմբերի 5-ին էր, ոչ մի ուժ չհաղթեց, և նոր ընտրություն նշանակվեց»։