Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:
Այսօր հրապարակած հայտարարությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, թե «ճշտվում են դիրքերը և տեղակայման վայրերը», ապա պնդում է, որ այսօր առավոտյան հայկական կողմը «դիվերսիայի փորձ» է ձեռնարկել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, թե Բաքուն հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որի 4-րդ կետին համապատասխան «դեռ չի իրականացվել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական ամօրինական զինված կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», հետևաբար՝ Հայաստանն է խախտում հայտարարության դրույթները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունըԲաքուն պնդում է, թե ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերստին հայտարարում է, որ այդ երկրի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվամբ վարչատարածքային միավոր, և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում «ապահովել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», ինչպես նաև չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը: