Ռուսաստանի արտգործնախարարությունը ծայրաստիճան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Այդ մասին ասված է գերատեսչության այսօր տարածած հայտարարությունում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության դեէսկալացիայի համար, նշված է հայտարարությունում: «Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գծով երկու կողմերի հետ փոխգործողությամբ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանում իրադրության դեէսկալացիայի համար», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունը:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների պահպանումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը». ՌԴ ՊՆՆույն օրը հրապարակած հաղորդագրությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ «Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և դիտակետ տեղակայել»։
«Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը», - ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։