Արցախի ԱԽ-ն դիմում է Պուտինին, առաջարկում ավելացնել ռուս խաղաղապահների թիվը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հաղորդում է, որ ԱԽ-ն առաջարկել է ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև նրան, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։

«Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա», - նշված է հաղորդագրությունում:

Մանրամասնորեն շարադրելով «մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվել են մի շարք առաջարկներ»:

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների. ԼՂ ՊԲ

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են», - մասնավորապես ասված է նամակում: