Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների. ԼՂ ՊԲ


Այսօր, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում, հայտնում է Պաշտպանության բանակը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ ստորաբաժանումները «դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով»:

«Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդում է, թե հայկական կողմն է փորձել սադրանք կատարել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ, «ձեռնարկված միջոցառումների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել»։

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահի հրամանատարությունը և հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Աղդամում։

Արցախի Պաշտպանության բանակը Բաքվի հաղորդագրությունը որակում է «բացարձակ սուտ, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում»:

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

XS
SM
MD
LG