Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են Արցախում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ջանքեր գործադրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը գնահատել է լարված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված. հայկական կողմը 3 զոհ, 14 վիրավոր ունի

«Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել:

Ադրբեջանի զինուժը երեկ Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, գիշերը և այսօր ցերեկը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական կողմը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերն էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, ունեն զոհեր ու վիրավորներ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցելու է Նիկոլ Փաշինյանի հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը «հստակ պատասխաններ է ակնկալում» ռուսական կողմից` Արցախի իրադարձությունների առնչությամբ