Ուկրաինան ինքը կորոշի՝ զիջե՞լ տարածքներ Ռուսաստանի հետ բանակցություններում, թե՞՝ ոչ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։
«Դա ամբողջությամբ Ուկրաինայի որոշումն է», - ասել է Բայդենը։
ԱՄՆ առաջնորդը, սակայն, հավելել է, թե չի հավատում, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ դրան։
Ռուս - ուկրաինական բանակցություններում Մոսկվան Կիևից պահանջում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը և Ղրիմը Ռուսաստանի կազմում։
Ուկրաինայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է նաև այդ հարցերը քննարկել Պուտինի հետ, հավելելով, թե նման պատմական հարցերը, այդուամենայնիվ, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի հանրաքվեի․ ԶելենսկիԲրյուսելում երեկ կայացած՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի գագաթնաժողովները նվիրված էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։
Պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հայտարարում են, թե շարունակելու են լայնածավալ օգնությունը Ուկրաինային, է՛լ ավելի կոշտ ու կործանարար պատժամիջոցներ են սահմանելու Ռուսաստանի իշխանությունների և տնտեսության դեմ, բայց չեն ուզում ընդլայնել պատերազմական գործողություններին աշխարհագրությունը և գնալ առճակատման միջուկային տերություն Ռուսաստանի հետ։
Իսկ կմիջամտի՞ արդյոք ՆԱՏՕ-ն, եթե ռուսական կողմը Ուկրաինայում քիմիական զենք օգտագործի, ասուլիսի ժամանակ հարցրել են Բայդենին։ «Կլինի համապատասխան արձագանք», - ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը՝ չմանրամասնելով, թե ինչ պատասխանի մասին է խոսքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման իրական սպառնալիք է տեսնումԻսկ մինչ այդ, Բայդենը կոչ է անում դուրս թողնել Ռուսաստանը Մեծ քսանյակից։ «Այդ խնդիրը քննարկել ենք այսօր, դա, սակայն, կարողէ տեղի չունենալ։ Եթե Ինդոնեզիան և այլ երկրներ դեմ լինեն, ապա մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել մասնակցել Մեծ քսանյակի հավաքներին», - ասել է ԱՄՆ նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը կողմ է Ռուսաստանի արտաքսմանը Մեծ քսանյակիցՊաշտոնական Մոսկվան պատերազմի մեկնարկից ի վեր շարունակ կրկնում է՝ Ռուսաստանը շատ դաշնակիցներ ունի, և միջազգային մեկուսացման մասին խոսք լինել չի կարող։ Սակայն երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանին դատապարտող հերթական բանաձևը, որի քվեարկության ժամանակ Ռուսաստանին աջակցել է միայն 4 երկիր՝ Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։ Չինաստանը նորից ձեռնպահ է մնացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր բանաձևով Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Ուկրաինայի իրավիճակի համարԲայդենը, ի դեպ, երեկ ասուլիսի ժամանակ կրկին ասել է, թե զգուշացրել է Չինաստանի առաջնորդին Ռուսաստանին օգնելու դեպքում անխուսափելի հետևանքների մասին։