Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանական S-400 (С-400) համակարգերից: Այս մասին ռուսական «Известия»-ին ասել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը՝ արձագանքելով լուրերին, թե Անկարան հրաժարվում է այդ համակարգերից և պատրասվում է դրանք փոխանցել Կիևին։
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ նման հարց օրակարգում չկա, և Թուրքիան կարող է ինքնուրույն որոշել, թե ինչ ճանապարհով շարժվել: Նա ընդգծել է՝ Անկարան ամեն ինչ անում է Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղության հասնել համար:
Օրերս Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, թե Վաշինգտոնն ու Անկարան կուլիսային քննարկումներ են վարում Թուրքիայի գնած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերը որպես օգնություն Ուկրաինային փոխանցելու շուրջ: Փոխարենը ԱՄՆ-ը կչեղարկի թուրքական ռազմաարդյունաբերության նկատմամբ 2020-ի վերջին սահմանած պատժամիջոցները, ինչպես նաև կարող է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում:
Reuters-ի տեղեկություններով, այս հարցը շոշափվել է մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի Անկարա այցի ժամանակ: Շերմանը Habertürk-ին ասել էր, թե «եկել է ժամանակը նոր լուծում գտնելու S-400-ի հետ կապված վաղեմի խնդրին»: Ըստ Reuters-ի, Բայդենի վարչակարգը դիմել է իր բոլոր դաշնակիցներին՝ խնդրելով հրաժարվել ռուսական S-300 և S-400 համակարգերից և փոխանցել դրանք Ուկրաինային:
Ի դեպ, ամերիկյան Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նախօրեին գրել էր, թե ԱՄՆ-ն չի սպասել S-400-ի հետ կապված Թուրքիայի որոշմանը և արդեն սկսել է Ուկրաինային տրամադրել խորհրդային արտադրության S-300 համակարգեր, որոնք իբրև թե ժամանակին գաղտնի կերպով ձեռք է բերել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն Անկարային փորձում է համոզել S-400 ռուսական համակարգերը տալ ՈւկրաինայինՊաշտպանական ոլորտի փորձագետների կարծիքով, որևէ երկրի կողմից Ուկրաինային ռուսական պաշտպանական համակարգերը փոխանցելը տեխնիկական և քաղաքական տեսանկյունից բավական բարդ գործընթաց է ենթադրում:
Ռազմական վերլուծություններով և հրապարակումներով զբաղվող թուրքական TurDef հանդեսի գլխավոր խմբագիր Օզգյուր Էքշին Deutsche Welle-ի թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ S-400 համակարգեր գնող երկիրը պարտավորվում է լինել դրանց միակ օգտագործողը՝ երրորդ երկրի չվաճառելու, չփոխանցելու պայմանով:
Բեռլինում գտնվող Գիտության և քաղաքականության հիմնադրամի պաշտպանական հարցերով փորձագետ Թուբա Էլդեմն էլ նշել է, որ S-400 համակարգերի տեղափոխումն անգամ մեծ դժվարություն է ներկայացնում, քանի որ դրանք տեխնիկական շատ առանձնահատկություններ ունեն: Բացի դրանից, այս համակարգերի ծրագրավորման ու համապատասխան կարգավորումների համար ռուս և թուրք մասնագետները միասին են աշխատել, հետևաբար դժվար է ասել, թե արդյոք կկարողանան ուկրաինացիները արդյունավետ կառավարել դրանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պնդում է, որ S-400 հրթիռների գործարքը քաղաքական ենթատեքստ չունի2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս հարցը դեռ լուծում չի ստացել և շարունակում է մնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենակճռոտ հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերիցԱկնկալվում է, որ վաղը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ օրակարգում կլինեն նաև Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման և F-16 նոր կործանիչների գնմանն առնչվող հարցերը: