Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով, ասված է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարությունում։
«Շտապ անհրաժեշտություն կա ապահովելու տուժած տեղական բնակչության գազամատակարարման անհապաղ վերսկսումը, մասնավորապես, եղանակային վատ պայմանների համատեքստում», - հայտարարել է Եվրամիության պաշտոնյան։
Հայտարարությունում Եվրամիությունը անհասցե կոչ է արել թույլ տալ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին ու կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
Դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական խափանումը՝ երեկ միջազգային հանրությանն էր դիմել պաշտոնական Երևանը՝ ակնկալելով հստակ արձագանք, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղում։
Միջազգային իրավապաշտպան կառույցներից խնդրին անդրադարձել է Human Rights Watch-ը։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերում գրել է. «2 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են առանց ջեռուցման՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով»։
Թվարկելով դպրոցներում, մանկապարտեզներում, հացի արտադրամասերում առաջացած խնդիրները՝ Human Rights Watch-ի ներկայացուցիչն ընդգծել է՝ շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն անթույլատրելի է համարում «արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը»Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, որի ընթացքում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ռուս խաղաղապահների միջոցով տարվող բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն բոլոր քայլերն այս պահին անարդյունավետ են, ասում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ Թե երբ հարցը կլուծվի ու Արցախում գազ կլինի, որևէ մեկը տեղեկություն չունի։
Այս պահին Արցախում սաստիկ ցուրտ է, կրկին ձյուն է տեղացել։ Ովքեր հնարավորություն ունեն, տները փայտի վառարաններով են տաքացնում։ Բայց այստեղ էլ խնդիր է առաջացել՝ փայտն այլևս շատ դժվարությամբ է ճարվում։
«Բնականաբար, փայտի խնդիր էլ կա։ Ձեռք-ձեռքի տված մեկս մյուսից փայտ ենք վերցնում, գնում չոր ծառեր կան, կտրում ենք, բերում։ ով ինչով կարողանում է, իրար օգնում ենք, համախմբվում ենք», - նշեց բնակիչներից մեկը։
Ծանրաբեռնվածության պատճառով Արցախում պարբերական են դարձել նաև հոսանքի անջատումները։
Ջեռուցման բացակայության պատճառով Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը կրկին դադարեցվել է, չեն գործում նաև մանկապարտեզները։